Մատչելիության հղումներ

Իշխող կոալիցիայի ներկայացուցիչները Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը համարում են ճնշում՝ Թուրքիայի վրա


Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյան
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյան

Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի կարծիքով, հինգշաբթի ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հավանության արժանացած թիվ 252 բանաձեւի ընդունմամբ Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, որպեսզի վեջինս վավերացնի հայ-թուրքական արձանագրություններն առանց նախապայմանների:

Այս բանաձեւը, մասնավորապես, կոչ է անում ԱՄՆ-ի նախագահին ապրիլքսանչորսյան իր ամենամյա ուղերձում «ճշգրիտ կերպով բնորոշել մեկեւկես միլիոն հայերի սիստեմատիկ եւ կանխամտածված բնաջնջումը որպես ցեղասպանություն»:

«Միջնորդները՝ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Ռուսաստանը, տեսան, որ այս ամիսների ընթացքում Թուրքիան որեւէ քայլ չի անում այդ արձանագրությունների տառին եւ կետին նշված գործողություններ իրականացնելու առումով։ Ի վերջո, իրենք հասկացան, որ Թուրքիայի հետ պետք է խոսել ճնշման, ուժի կիրառմամբ։ Նկատի ունեմ նաեւ այս բանաձեւը, հետագայում Կոնգրեսը ճանաչի, կամ նախագահը ճանաչի ցեղասպանությունը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց Ռազմիկ Զոհրաբյանը։

Ըստ իշխող կուսակցության փոխնախագահի, Թուրքիայի ուժեղ դիվանագիտության մասին կարծիքներն «առասպելներ են», այս հարցում Հայաստանն ավելի «խելոք գտնվեց», եւ հիմա, եթե Թուրքիան ձգձգի գործընթացը կամ արձանագրությունների հետ կապված դարձյալ նախապայմաններ առաջադրի, ապա Հայաստանը կկասեցնի կամ կդադարեցնի գործընթացը։

Իշխանական կոալիցիայի մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Կոնգրեսի հանձնաժողովի որոշումը գնահատեց երկու տեսանկյուններից: Առաջինը, Սաֆարյանի ձեւակերպմամբ, բարձր բարոյականության սկզբունքն է, որով առաջնորդվել են ամերիկացի կոնգրեսականները` այդպիսով նպատակ ունենալով կանխարգելել մարդկության դեմ գործվող նման ոճիրները: Սակայն, այստեղ կա նաեւ կոնկրետ քաղաքական հաշվարկ, ասաց ԲՀԿ-ի ներկայացուցիչը:

«Ես կարծում եմ, որ նրանք, ովքեր քվեարկեցին այս բանաձեւի օգտին, իրենց մտքում պահում էին նաեւ մի շատ կոնկրետ բան, որ պետք է խթանել հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, որը վերջին շաբաթների ընթացքում տեղատվություն էր ապրում», - ասաց Սաֆարյանը։ - «Սա իրականություն է, որ թուրքական կողմի առաջին ռեակցիան լինելու է կոշտ դիմադրություն ցույց տալը, եւ նույնիսկ ուժի դիրքերից է փորձելու հանդես գալ, բայց, վերջիվերջո, նախքան ապրիլի 24-ը, կանխելու համար մի նոր բանաձեւի հաստատումը Կոնգրեսի նիստում եւ նախքան [ԱՄՆ-ի] նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձը, Թուրքիայում գերիշխելու են այն տրամադրությունները, որ անհրաժեշտ է այս արձանագրությունների վավերացման ուղղությամբ գործնական քայլեր անել», - հավելեց ԲՀԿ-ի ներկայացուցիչը։

Սաֆարյանը դժվարացավ կանխատեսել բանաձեւի հետագա ճակատագիրը, չբացառելով, սակայն, անսպասելի զարգացումներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG