Մատչելիության հղումներ

Փաշինյանի պաշտպանները ներկայացրեցին իրենց 78 էջանոց բողոքը


Հայկական ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով վերաքննիչ դատարանում հինգշաբթի նիստի ժամանակ պաշտպանական կողմը ներկայացրեց վերաքննիչ բողոքը: Նիկոլ Փաշինյանի պաշտպանները 78 էջանոց բողոքում մանրակրկիտ կերպով վերլուծել են մարտի 1-ին ոստիկանության գործողությունները, դրանց հետեւանքով Երեւանի կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունները:

Պաշտպան Երվանդ Վարոսյանը վկայակոչեց ցուցմունքներ, որոնք հակասում են մեղադրանքին, թե Նիկոլ Փաշինյանը եւ մյուս ընդդիմադիրները հրահրել են զանգվածային անկարգություններ։

«Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաեւ ընդդիմության մի շարք այլ անդամներ հասել են նրան, որ ժողովուրդը խաղաղվել է, եւ շարունակվել է խաղաղ հանրահավաքը», - ցուցմունքներից մեջբերեց փաստաբանը։

Նիկոլ Փաշինյանի պաշտպանները դատարանից պահանջեցին ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ կարճել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հարուցված քրեական գործը:


Նիկոլ Փաշինյանը իր բողոքը ներկայացնելիս, հերթով կարդալով դատավճռի ձեւակերպումները, նշեց իր հակափաստարկները։ «Հայկական ժամանակի» խմբագիրը հայտարարեց, որ մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպողը ո՛չ ինքն է, ո՛չ էլ մյուս ընդդիմադիրներ, այլ՝ «Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, այն մարդիկ, օլիգարխների կողմից ձեւավորված այն հրոսակախմբերը, ովքեր զինվել են կառավարության շենքի մոտ»։

Նախագահող դատավոր Սերժիկ Ավետիսյանը հաճախ հայտարարում էր, թե Նիկոլ Փաշինյանը շեղվում է բողոքից։ Փաշինյանը հակադարձում էր, որ մարտի 1-ի հիմքում մարդկանց ոտնահարված իրավունքներն են, քաղաքացիների անպաշտպան վիճակն է։

Դատական նիստն ընդմիջվեց մինչեւ վաղը: Նիկոլ Փաշինյանը դատարանին տեղեկացրեց, որ վաղը Սահմանադրական դատարանում վիճարկվելու է թիվ 10 ընտրատարածքի պատգամավորի ընտրության արդյունքը, եւ ինքը պետք է մասնակցի Սահմանադրական դատարանում նշանակված նիստին:

Դատավոր Սերժիկ Ավետիսյանը հայտարարեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը մասնակցի Սահմանադրական դատարանի նիստին, ինքը կհետաձգի վերաքննիչ բողոքների քննությունը:

Ի սկզբանե «Հայկական ժամանակ»-ի խմբագրին մեղադրանք էր առաջադրված Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` 316 եւ 225: 2010 թվականի հունվարի 19-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 316-րդ հոդվածով նրան արդարացրեց` ապացույցների անբավարարության հիմքով, սակայն մեղավոր ճանաչեց զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ` 225-րդ հոդվածի առաջին մասով, եւ դատապարտեց 7 տարվա ազատազրկման:

Վերաքննիչ դատարանում Փաշինյանի պաշտպանական կողմը պահանջում է իրենց պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ, իսկ դատախազ Հարություն Հարությունյանը պահանջում է Նիկոլ Փաշինյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով եւս` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG