Մատչելիության հղումներ

Մարտի 4-ի մամուլ


«Ժամանակ»-ը իր առաջնորդողում գրում է. - «Թուրքական Radikal օրաթերթին Դավութօղլուն ասել է. - «Ինչի՞ ենք մենք ձգտում հասնել Կովկասում: Արձանագրությունները ստորագրեցինք: Դրանք կմտցնենք խորհրդարանի օրակարգ, դիմադրություն կլինի, սակայն երեք օրվա ընթացքում դրանք կվավերացվեն: Իսկ եթե Ղարաբաղում երեք ամիս անց հակամարտություն սկսվի, եւ ստիպված լինենք դարձյալ փակե՞լ սահմանադուռը»: Փաստորեն Դավութօղլուն Ադրբեջանին սցենար է հուշում այն դեպքի համար, երբ Թուրքիան ստիպված լինի միջազգային ճնշման տակ վավերացնել հայ - թուրքական արձանագրությունները: Ադրբեջանը կպատերազմի եւ Թուրքիային հնարավորություն կտա նորից փակել սահմանը, ու ամեն ինչ սկսել զրոյից: Դրա համար երեւի թե բավարար կլինի նույնիսկ եռօրյա պատերազմը: Իսկ միջազգային հանրությանն էլ, ավելի շուտ, թերեւս, ամերիկյան իշխանությանը Թուրքիայի արտգործնախարարը, փաստորեն, փորձում է շանտաժել Ադրբեջանի հնարավոր պատերազմով` ակնարկելով գուցե, որ Թուրքիայի վավերացումից հետո Ադրբեջանը կարող է միայնությունից հուսահատվել եւ դիմել ծայրահեղ քայլի` պատերազմի»:

«Չորրորդ ինքնիշխանության» խմբագիրը գրում է. - «Ո՞րն է այս պահին Հայաստանի պետական շահը, ի՞նչ խնդիր է դրել իր առջեւ Հայաստանը` որպես պետություն: Եթե հավատալու լինենք Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական քաղաքականությանը», Հայաստանն իր առջեւ շատ կոնկրետ խնդիր է դրել. այն է` կարգավորել հայ - թուրքական հարաբերությունները, բացել սահմանը, բայց դա անել առանց նախապայմանների եւ թույլ չտալ, որ Թուրքիան ինչ-որ ձեւով միջամտի ղարաբաղյան կարգավորման գործընթացին: Իրատեսական է դա, թե ոչ` այլ հարց է, բայց փաստն այն է, որ Հայաստանն իր առջեւ հենց այդպիսի խնդիր է դրել: Հիմա փորձենք հասկանալ. Կոնգրեսի կողմից Ցեղասպանության մասին օրինագծի ընդունումը օգնելո՞ւ է այդ խնդրի լուծմանը, թե՞ խանգարելու է: Քանի դեռ Ցեղասպանության ճանաչումն ընդամենը սպառնալիք է, իհարկե, օգնելու է, բայց հենց որ սպառնալիքն իրականություն դառնա, խանգարելու է»:

«Հայք»-ը մեջբերում է «Կոմերսանտ» թերթին օնլայն հարցազրույցի ժամանակ ԽՍՀՄ-ի նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի խոսքերը. - «Ղարաբաղի խնդիրը շատ հին է եւ շատ բարդ: Ադրբեջանն ու Հայաստանն այն ժամանակ մեղադրում էին ինձ այն բանում, որ ես պաշտպանում եմ կողմերից մեկին, բայց դա այդպես չի եղել»: Նա նաեւ նշել է. - «Ես չգիտեմ` ինչ կարելի է անել: Հեղաշրջման ժամանակ եւ դրանից հետո որոշվեցին ներքին եւ արտաքին սահմանները, կիսվեցին հողերը: Ընդ որում, կիսվեցին այնպես, որ հարեւանները կախման մեջ լինեն միմյանցից, որպեսզի առճակատումը միշտ առկա լինի, իսկ Մոսկվան հանդես գա իբրեւ դատավոր»:

«Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը ասել է. - «Բազմիցս է հայտարարվել ու հաստատվել, որ մեր երկրում քաղբանտարկյալներ չկան: Մասնավորապես երկամյա վաղեմության մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ կատարած արարքների համար քրեական պատասխանատվության ենթարկված յուրաքանչյուրի մեղքն ապացուցված է քրեական գործով: Շատ էլ բնական է, որ ՀԱԿ-ի առաջնորդները այս փաստն անտեսում են եւ չեն խոստովանում, որ իրենց դրդմամբ մարդիկ քրեորեն պատժելի արարքներ են կատարել: Տրամաբանական է, որ նրանք ժխտում են, թե զանգվածային անկարգություններ են կատարվել, քանի որ հակառակ պարագայում չէին կարողանա տեղի ունեցածը առ այսօր շահարկել սեփական քաղաքական նկատառումներով: Նույնքան տրամաբանական է, որ քաղաքական պայքարը շարունակելու համար քրեական պատիժ կրողներին նրանք պետք է համարեն քաղբանտարկյալ ու պահանջեն ազատ արձակել»:

«168 ժամ»-ը գրում է. - «Թբիլիսիի հայկական ասամբլեայի համակարգող Առնոլդ Ստեփանյանն, արդեն 1 տարի է, հալածվում է վրացական իշխանությունների կողմից: Շուտով Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններ են: Առնոլդ Ստեփանյանը տեղեկացնում է, որ հանդիպումների արդյունքում հայ համայնքը հակված է ընտրել ընդդիմադիր դաշինքի թեկնածու Իրակլի Ալասանիային: Բայց Վրաստանի իշխանությունները հետապնդում են ակտիվիստներին: Օրինակ, անցած տարի կանչել են Ստեփանյանին ու զգուշացրել` հանգիստ մնալ կամ էլ բոլոր քայլերը համաձայնեցնել իրենց հետ: Ավելի ուշ փակել են նրա հորը պատկանող խանութը»: Ստեփանյանը պնդում է, որ Վրաստանի իշխանությունները, տեսնելով, որ այդ քայլերը չեն ազդում, եւ հայերը շարունակում են թեկնածուների հետ հանդիպումները, արդեն մամուլով սկսել են իրեն վարկաբեկել` հայտարարելով, որ նա Ռուսաստանի գործակալ է: «Որ ես վնաս եմ տալիս այս պետությանը: Դե, ուրիշ բանի մեջ չեն կարող մեղադրել, իսկ ՌԴ-ի գործակալը հիմա հիմա այստեղ շատ պոպուլյար մեղադրանք է, քանի որ այս երկու երկրների հարաբերությունները լավ չեն», - ասել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG