Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի ավիացիոն եւ ռազմական արդյունաբերության հսկաները կոչ են անում մերժել ցեղասպանության բանաձեւը


Միացյալ Նահանգների ավիացիոն եւ պաշտպանական արդյունաբերության բնագավառի մի շարք կորպորացիաներ նամակով դիմել են Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրենսդիրներին` հորդորելով չընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը եւ զգուշացնելով, որ այն կարող է վտանգել ամերիկյան արտահանումները դեպի Թուրքիա:

Lockheed Martin, Boeing, Raytheon, United Technologies եւ Northrop Grumman կորպորացիաները իրենց համատեղ նամակում նշում են, որ օրինագծի ընդունումը կվատթարացնի ԱՄՆ- Թուրքիա հարաբերությունները եւ ռիսկի կենթարկի ամերիկյան աշխատատեղերը:

«ՆԱՏՕ-ի նշանակալից դաշնակցին ու առեւտրային գործընկերոջը օտարելը բացասական հետեւանքներ կունենա ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերի եւ արտահանումն ու աշխատատեղերի ստեղծումը խթանելու ջանքերի վրա», - ասված է կորպորացիաների համատեղ նամակում, որը փետրվարի 26-ին ուղարկվել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին:

Կորպորացիաների ղեկավարները նշում են, որ ամերիկյան ռազմական ու ավիացիոն արտադրանքի արտահանումները դեպի Թուրքիա 2009 թվականին կազմել են ավելի քան 7 միլիարդ դոլար եւ նույն մակարդակն է ակնկալվում 2010 թվականին, ինչի արդյունքում աշխատանքով ապահովվում են տասնյակ հազարավոր ամերիկացիներ:

Aerospace Industries ընկերակցությունը, որում 270-ից ավելի ընկերություններ են ընդգրկված, առանձին նամակ է հղել` հայտնելով իր մտահոգությունը: Նամակի հեղինակները նշում են, որ ԱՄՆ-ի արտահանումները դեպի Թուրքիա 2008 թվականի 10 միլիարդ դոլարի դիմաց եռապատկվել են, եւ այս պահին էլ ամերիկյան ընկերությունները ձգտում են նոր պայմանագրեր ունենալ ապագայում սպառազինությունների վաճառքի համար:

Արդյունաբերության ոլորտի ղեկավարներից մեկը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, ասել է, թե ամերիկյան ընկերությունները վախենում են, որ Թուրքիան կարող է հրաժարվել իրենց հետ պայմանագրերից ու փոխարենը սպառազինություններ գնել Եվրոպայից:

Անկարան կրկին «առողջ դատողության» կոչ է հնչեցնում


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողան
«Ես հավատում եմ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի խելամտությանը եւ հույս ունեմ, որ Ներկայացուցիչների պալատը առողջ դատողությամբ կմոտենա Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի քննարկմանը», - թուրքական «Հյուրիեթ»-ի փոխանցմամբ, երեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը` իր ղեկավարած իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ։

«Պատմության ուսումնասիրմամբ պետք է պատմաբանները զբաղվեն, ոչ թե քաղաքական գործիչները», - հերթական անգամ պնդել է էրդողանը եւ հավելել. - «Հուսով եմ, որ այդօրինակ նախաձեռնությունները չեն վնասի թուրք - ամերիկյան հարաբերությունները, որոնք այժմ ջերմ են ավելի, քան երբեւէ»։

Ընդգծելով, որ խնդրի շուրջ բոլորովին վերջերս քննարկում է ունեցել նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ եւ ներկայացրել, թե ինչ բացասական հետեւանքներ կարող է ունենալ բանաձեւի ընդունումը, Էրդողանը հայտարարել է. - «Եվս մեկ անգամ կոչ եմ անում բոլորին` խնդրին մոտենալ սառը դատողությամբ եւ ցեղասպանության շուրջ պնդումները ուսումնասիրել համալսարաններում եւ արխիվներում, ոչ թե օրենսդիր մարմնում»։

Վերջին շաբաթվա ընթացքում սա պաշտոնական Անկարայի արդեն երրորդ կոչն է Վաշինգտոնին. նախկինում նման հայտարարություններով էին հանդես եկել Թուրքիայի արտգործնախարարությունը եւ խորհրդարանը։

Չնայած Թուրքիայի նախազգուշացումներին` Բարաք Օբամայի վարչակազմը մինչ այս պահը լռություն է պահպանում եւ որեւէ դիրքորոշում չի արտահայտում բանաձեւի հնարավոր ընդունման վերաբերյալ։

Փաստաթուղթը հինգշաբթի օրը արդեն քվեարկության է դրվելու Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, հավանության արժանանալու դեպքում` Պալատի լիագումար նիստում։

Ցեղասպանության բանաձեւի քննարկումների հետ կապված` ԱՄՆ են մեկնել հայ խորհրդարանականներ


ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը
Հայ օրենսդիրները չորեքշաբթի վաղ առավոտյան մեկնել են Վաշինգտոն, որտեղ մարտի 4-ին ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերություններիի հանձնաժողովում նախատեսված է Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի նախագծի քվեարկությունը։
Վաշինգտոն մեկնող պատվիրակության կազմում ընդգրկված են Հայաստանի Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ներկայացուցիչներ Արտակ Զաքարյանը եւ Կորյուն Նահապետյանը, Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։

Պատվիրակությունը Միացյալ Նահանգներ է մեկնել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի եւ Մարկ Քըրքի հրավերով։ Հայ օրենսդիրները Վաշինգտոնում կներկայացնեն Հայաստանի Ազզգային ժողովի տեսակետները բանաձեւի վերաբերյալ։

Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Սպիտակ տունը եւ Պետդեպարտամենտն այժմ ակտիվ ձեւով չեն հակադրվում բանաձեւին, ինչը նշանակում է, որ ընդունման հավանականությունը բավական մեծ է։ Այդուհանդերձ, հաշվի առնելով թուրքական կողմի մեծ ակտիվությունը` Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը եւ ընդհանրապես ամերիկահայ համայնքը ջանքեր են գործադրում, որպեսզի Կոնգրեսի հանձնաժողովը դրական եզրակացություն տա, ինչպես եղել է երեք անգամ անցած տասնամյակում։

«Պետք է հաշվի առնել, որ թուրքական կողմը պնդում է, թե Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բանաձեւի օրինագծի ընդունումը վնաս կհասցնի հայ - թուրքական մերձեցման գործընթացին։ Ենթադրում եմ, որ հայ պատգամավորները կանդրադառնան հենց այդ հարցին` ընդունումը կխանգարի՞, թե՞ չի խանգարի մերձեցմանը», - ասել է Կիրո Մանոյանը։

Թուրքական «Զաման» օրաթերթի փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մտադիր է մեկնել Վաշինգտոն, որտեղ ամերիկացի օրենսդիրներին հորդորելու է հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւից։

Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի գլխավորած թուրք խորհրդարանականների մի պատվիրակություն արդեն իսկ ԱՄՆ-ի մայրաքաղաքում լոբբիստական գործունեություն է ծավալում բանաձեւի դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG