Մատչելիության հղումներ

Ցեղասպանության բանաձեւի քննարկումների հետ կապված` ԱՄՆ են մեկնել հայ խորհրդարանականներ


ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը
ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը

Հայ օրենսդիրները չորեքշաբթի վաղ առավոտյան մեկնել են Վաշինգտոն, որտեղ մարտի 4-ին ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերություններիի հանձնաժողովում նախատեսված է Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի նախագծի քվեարկությունը։

Վաշինգտոն մեկնող պատվիրակության կազմում ընդգրկված են Հայաստանի Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ներկայացուցիչներ Արտակ Զաքարյանը եւ Կորյուն Նահապետյանը, Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։

Պատվիրակությունը Միացյալ Նահանգներ է մեկնել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի եւ Մարկ Քըրքի հրավերով։ Հայ օրենսդիրները Վաշինգտոնում կներկայացնեն Հայաստանի Ազզգային ժողովի տեսակետները բանաձեւի վերաբերյալ։

Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Սպիտակ տունը եւ Պետդեպարտամենտն այժմ ակտիվ ձեւով չեն հակադրվում բանաձեւին, ինչը նշանակում է, որ ընդունման հավանականությունը բավական մեծ է։ Այդուհանդերձ, հաշվի առնելով թուրքական կողմի մեծ ակտիվությունը` Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը եւ ընդհանրապես ամերիկահայ համայնքը ջանքեր են գործադրում, որպեսզի Կոնգրեսի հանձնաժողովը դրական եզրակացություն տա, ինչպես եղել է երեք անգամ անցած տասնամյակում։

«Պետք է հաշվի առնել, որ թուրքական կողմը պնդում է, թե Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բանաձեւի օրինագծի ընդունումը վնաս կհասցնի հայ - թուրքական մերձեցման գործընթացին։ Ենթադրում եմ, որ հայ պատգամավորները կանդրադառնան հենց այդ հարցին` ընդունումը կխանգարի՞, թե՞ չի խանգարի մերձեցմանը», - ասել է Կիրո Մանոյանը։

«Զաման» օրաթերթի փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մտադիր է մեկնել Վաշինգտոն, որտեղ ամերիկացի օրենսդիրներին հորդորելու է հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւից։

Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի գլխավորած թուրք խորհրդարանականների մի պատվիրակություն արդեն իսկ ԱՄՆ-ի մայրաքաղաքում լոբբիստական գործունեություն է ծավալում բանաձեւի դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG