Մատչելիության հղումներ

Մարտի 3-ի մամուլ


«Ժամանակ»-ը իր առաջնորդողում գրում է. - «Եթե արտահերթ ընտրությունների հիմքեր չկան, այդ դեպքում ինչո՞ւ են իշխանությունները հարկ համարում տոտալ կերպով հերքել մամուլում տեղ գտնող հրապարակումները: Դա նշանակում է, որ իշխանություններին այդ հրապարակումները, այդուամենայնիվ, անհանգստացնում են, ինչը կարող է նշանակել երկու բան: Կամ իշխանությունները պարզապես անհանգստանում են, որ արտահերթ ընտրությունների վերաբերյալ ներիշխանական տրամադրությունները դուրս են գալիս իրենց նեղ շրջանակից եւ դառնում են հասարակության համար տեսանելի եւ շոշափելի, կամ էլ իշխանությունները անհանգստանում են իրավիճակին չտիրապետելու պատճառով` տագնապելով, որ արտահերթ ընտրությունների գաղափարը կարող է գեներացվել, եւ իրենք դրա դեմ ոչինչ անելու ունակ չեն: Մինչդեռ Հայաստանում արտահերթ ընտրությունների գաղափարի գեներացիայի հարկ բացարձակապես չկա, որովհետեւ այդ գաղափարը հերթական ընտրություններում ընտրակեղծարարները այնպես են գեներացնում, որ դա բավական է հետագա մի քանի տարիների համար»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Ի՞նչ են արձանագրում իշխանությունները: Առաջին` հայ - թուրքական գործընթացը ձախողման եզրին է, եւ սահմանը մոտ ապագայում չի բացվելու, երկրորդ` Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, երրորդ` Հայաստանում սոցիալական վիճակն առաջիկայում ավելի է լարվելու: Այլ կերպ ասած, եթե կողք-կողքի ես դնում իշխանությունների հայտարարությունները, պարզվում է, որ նրանք լավ էլ հասկանում են իրավիճակի ողջ լրջությունը: Հարց է ծագում` ի՞նչ անել: Ու հենց այստեղ է, որ բացահայտվում է իշխանությունների կատարյալ անզորությունը: Ուշադրություն դարձրեք նշված երեք կարեւորագույն պրոբլեմներին. հայ - թուրքական կարգավորումը ձախողվել է Թուրքիայի իշխանությունների մեղքով, Ղարաբաղի հարցում առաջընթաց չի արձանագրվում Ադրբեջանի իշխանությունների մեղքով, սոցիալական լարվածության աճի մեղավորն էլ Ռուսաստանի իշխանություններն են: Համենայն դեպս, Հայաստանի իշխանությունները հենց այսպես են ներկայացնում իրավիճակը, եւ ստացվում է, որ այս երեք հարցերից որեւէ մեկը նրանք ի վիճակի չեն լուծել: Լավ, բա այդ դեպքում ո՞ւմ են պետք այս իշխանությունները: Թե՞ նրանց հիմնական ֆունկցիան դատարկ ճառեր արտասանելն է` այն մասին, որ իրենք մեղավոր չեն, Հայաստանի բոլոր պրոբլեմները դրսից են»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Տեր-Պետրոսյանը մեկ տարի առաջ կանխատեսում էր, թե «մի քանի ամիս» հետո իշխանությունները հրաժարական են տալու, ինչն, ինքնըստինքյան, նշանակում է նաեւ արտահերթ ընտրություններ: Ավելին` լինելով ռազմավարական հակումներով օժտված գործիչ, Տեր-Պետրոսյանն իր գլխավորած ուժի գործունեությունը որոշակի չափով կառուցել է նշված կանխատեսում-հետեւությունների վրա: Եվ ի՞նչ, հրաժարակա՞ն է տվել ամբողջ իշխանությունը, կամ գոնե, ասենք, կառավարությունը: Տեղի՞ են ունեցել արտահերթ ընտրություններ: Հետեւաբար քանի՞ լումա արժեն Տեր-Պետրոսյանի կանխատեսումները: Մեկ այլ նրբություն էլ կա, եթե մեկ տարի առաջ Տեր-Պետրոսյանը «կանխատեսում» էր կամ «չէր բացառում», թե իշխանությունն այնքան ճարահատյալ վիճակում կհայտնվի, որ նույնիսկ իրեն կառաջարկի ազգային փրկության կառավարություն կազմել, ապա հիմա չի բացառում, ավելի ճիշտ, պահանջում է արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ։ Ինչպես նախորդ «կանխատեսումը» չկատարվեց, այնպես էլ այս մեկը, բնականաբար, չի կատարվի»:

«Ազգ»-ը գրում է. - «Ռուսական «Վերսիան» ու «Վեկը» իրար հետեւից այս երկու ամիս հրապարակում են նախկին ու ներկա պաշտոնյաների աստղաբաշխական ունեցվածքի մասին մաթեմատիկական հաշվարկներ, ինչը նորմալ պետությունում երկրի պատվին ու արժանապատվությանը հասցված մեծ հարված կհամարեին, քանի որ տվյալ պաշտոնյաներն իրենց պաշտոններում չէին կարող միլիարդավոր դոլարների բիզնես անել, հետեւաբար տուժում է պետության վարկը. կամ ժխտեք ու ցույց տվեք պատվիրված զրպարտության հասցեատիրոջը, կամ հաստատեք եւ քաղաքական գնահատական տվեք` սահմանազատվելով այդպիսի պաշտոնյաներից, թե չէ մեր կոռումպացվածության աստիճանով դուրս ենք գալիս միջազգային մակարդակ ու արդեն ռուս ընթերցողի առաջ ենք հաստատում կոռումպացվածի իմիջը»:

«Առավոտ»-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ասում է. - «Երկու տարի տարբեր մակարդակներով փորձ է արվել տալ մարտի 1-ի իրադարձությունների գնահատականը: Հայաստանում բոլորն ամեն ինչ լավ գիտեն, լավ տեսնում են, եւ եթե հազարավոր մարդիկ գալիս են ընդդիմության հանրահավաքներին` նշանակում է, որ նրանք գոհ չեն իրենց տեսածից եւ ապրածից, եւ այդպիսի մարդիկ այսօր Հայաստանում մեծամասնություն են կազմում: Իսկ ի՞նչ է եղել երկու տարի առաջ, մարտի 1-ին: Այդ օրը ժողովուրդը շարունակում էր պաշտպանել ընտրության իր իրավունքը, իսկ իշխանությունը զենքով պաշտպանեց իշխելու իր ցանկությունը: Այդքանը: Սա է իրականությունը, եւ միամտություն է սպասել, որ այս իշխանությունը պիտի բացահայտի «Մարտի 1»-ը: Իշխանությունը չի կարող ինքն իրեն ու իր պաշտպաններին չպաշտպանել` ինչ ճնշումներ էլ որ լինեն իր վրա` ներսից, թե դրսից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG