Մատչելիության հղումներ

Հանրապետականի փոխնախագահը վստահ է, որ Հայաստանում արտահերթ ընտրությունների համար որեւէ հիմք չկա


Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյան
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյան
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, անդրադառնալով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթին, նշեց, թե Հայաստանում արտահերթ ընտրությունների համար որեւէ հիմք չկա։

Երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Զոհրաբյանը կարծիք հայտնեց, թե Տեր-Պետրոսյանը պարզապես այդպիսով պատրաստվում է հաջորդ խորհրդարանական ու նախագահական ընտրություններին. - «Իրականում որեւէ հիմք չկա արտահերթ ընտրությունների: Դա զուտ իրենց ցանկությունն է, իրենց երազանքն է, իրենց շուրջ հավաքված մասսաներին գոտեպնդելու։ Որովհետեւ մինչեւ ընտրությունը կա երկու տարի, իսկ երկու տարի պետք է որոշակի հեքիաթներ, առակներ պատմես, որպեսզի գաս հասնես այդ երկու տարին եւ մասնակցես ընտրություններին»։

Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի այն պնդմանը, թե «ժողովրդական ըմբոստության կուտակվող լիցքի եւ իր ուժերից վեր խնդիրների ճնշման ներքո» են իշխանությունները տապալվելու, Հանրապետականի փոխնախագահն ասաց, թե ժողովրդական ըմբոստության մասին խոսելուց առաջ պետք է տեսնել, թե քանի հոգու առջեւ ես ելույթ ունենում։

«Երեկոյան այդ միտինգին տարբեր գնահատականներով 3-4 հազար մարդ է հավաքվել՝ ավելի քիչ, քան նախկինում էր։ Այդ ի՞նչ ժողովրդական ըմբոստություն է, երբ դուք մարտի 1-ի միջոցառմանը կցված միտինգ եք անում, որպեսզի շատ մարդ գա, եւ ընդամենը այդքան մարդ է գալիս։ Այլեւս ՀԱԿ-ը կամ ՀՀՇ-ն գործոն չէ, եւ այդքան մարդ կարող էր հավաքել նույնիսկ որեւէ մի այլ քաղաքական ուժ»։

Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի այն դիտարկմանը, թե պաշտպանության նախարարի որոշման հրապարակումը ապացուցեց, որ «Մարտի 1»-ի սպանդը կազմակերպել եւ իրագործել են իշխանությունները, եւ որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պետական հեղաշրջում են իրականացրել, Ռազմիկ Զոհրաբյանն արձագանքեց, թե բանակը չի միջամտել մարտիմեկյան իրադարձություններին՝ պարզապես կար արտաքին վտանգը չեզոքացնելու խնդիր։

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ էին զորքերը կենտրոնացվել Երեւանում, Հանրապետականի փոխնախագահը հետեւյալ բացատրությունը տվեց. - «Պատկերացրեք, որ միայն սահմանի վրա կուտակվեին, Երեւանում լինեին քաղաքացիական ընդվզումներ, քաղաքացիական պատերազմ... Բնականաբար, որ պետք է նաեւ երկրի անվտանգությունը պահպաներ բանակը. կարեւոր չէ, թե երկրի որ մասում»։

Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ թվարկեց նաեւ արտաքին քաղաքականության բնագավառում, իր ձեւակերպմամբ, իշխանությունների ձախողումները՝ «Ցեղասպանության ուրացում, հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման նվաստացուցիչ գործընթաց, Ղարաբաղի խնդրի խայտառակ հանգուցալուծման հեռանկար»։

Ռազմիկ Զոհրաբյանը սակայն նշեց, թե չի կարող ասել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ձախողվել է։ Ըստ նրա, անպայման չէ, որ արձանագրությունները վավերացվեն մինչեւ ապրիլի 24-ը։
Հարցին, թե հայկական կողմը դեռ որքա՞ն ժամանակ է սպասելու Թուրքիային, Զոհրաբյանը պատասխանեց, թե դա անհայտ է։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ կապված Տեր-Պետրոսյանի պնդմանը, թե հայկական կողմը համաձայնել է վերադարձնել 5 շրջանները, նախագահ Սերժ Սարգսյանի կուսակիցը հետեւյալ կերպ արձագանքեց. - «Ես առաջին անգամ եմ լսում այդ մասին։ Քանի որ ադրբեջանական կողմը որեւէ բան չի ընդունում, այսինքն՝ Ղարաբաղը չի պատկերացնում Ադրբեջանի կազմից դուրս, ի՞նչ շրջանների վերադարձնելու մասին է խոսքը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG