Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կայք` հայերեն լեզվով


Armenia.az կայքէջը
Armenia.az կայքէջը

Արդեն երկրորդ օրն է` ադբեջանցի լրագրող էլնուր Բաիմովի նախաձեռնությամբ գործում է Armenia.az ինտերնետային կայքը, որը գրական ու ժամանակակից հայերենով նորություններ է փոխանցում Ադրբեջանի, Ղարաբաղյան հակամարտության ու տարածաշրջանային զարգացումների մասին։

«Մեր նախագծի նպատակներից մեկը ճշմարտության մասսայականացումն է եւ երկու ժողովուրդների միջեւ առկա վակուումի կրճատումը», - ընթերցողին ուղղված նամակում գրել է էջի խմբագիր էլնուր Բաիմովը եւ ընդգծել. - «Մենք դատապարտված ենք միասին ապրել: Այժմ ժամանակն է կարգավորել տեղեկատվական փոխանակումը, հավաքել շպրտված քարերը, որոնք տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար ողբերգական հետեւանքների պատճառ են դարձել»։

«Մենք պատահաբար չենք ընտրել հայերենը որպես շփման լեզու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց էլնուր Բաիմովը. - «Ադրբեջանում բազմաթիվ կայքեր կան, որոնք նորություններ են տրամադրում ադրբեջաներեն, անգլերեն կամ ռուսերեն, սակայն մենք գիտենք, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք դժվարություններ ունեն այդ լեզուների հետ, այդ իսկ պատճառով, հենց նրանց հարմարավետության համար, որոշեցինք հայերենով տեղեկություններ տրամադրել, որպեսզի մարդիկ իմանան` ինչ է կատարվում հարեւան երկրում»։

«Մեր էջը քարոզչական նպատակներ չի հետապնդում, մենք չենք պատրաստվում ագրեսիվ կամ վիրավորական նյութեր հրապարակել. ընդամենը նորություններ եւ փաստեր, ոչինչ ավելի», - վստահեցրեց խմբագիրը:

Բաիմովի խոսքով` էջի վրա աշխատում են հայերենին տիրապետող ադրբեջանցիներ: «Շատ դժվար էր նրանց գտնելը, սակայն մենք հաջողեցինք: Առաջիկայում մտածում ենք Հայաստանում սեփական թղթակիցներ ունենալու, ապա՝ հայալեզու օնլայն ռադիոկայան հիմնելու մասին», - ասաց Էլնուր Բաիմովը, ով խմբագրում է նաեւ ադրբեջանական News.az լրատվական կայքը։

Իսկ հարցին, թե ո՞վ է ֆինանսավորում Armenia.az նախաձեռնությունը, նա պատասխանեց. - «Մենք ինքնաֆինանսավորմամբ ենք աշխատում` գովազդների միջոցով։ Այժմ փորձելու ենք այս ծրագրով դրամաշնորհ ստանալ, քանի որ այն նպաստում է երկու ժոովուրդների միջեւ նորմալ, բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը։ Չեմ բացառում, որ առաջիկայում մեզ դիմեն նաեւ հայ գործարարներ` էջում գովազդ տեղադրելու համար»։

Գործունեության առաջին օրվա ընթացքում, խմբագրի խոսքով, էջը շուրջ 800 այցելու է ունեցել, մեծամասնությունը` Հայաստանից։ «Դա, իհարկե, մեծ թիվ չէ, սակայն ապագայում փորձելու ենք ավելացնել այցելուների թիվը», - ասում է Էլնուր Բաիմովը։

Չնայած ադրբեջանցի լրագրողի հավաստիացումներին` հայ փորձագետների մեծ մասը նախաձեռնությունը քարոզչական հնարք է համարում։

Մսնավորապես, «Ինտերնյուս» կազմակերպության լրագրող, բլոգոսֆերայում հայտնի Գեղամ Վարդանյանի համոզմամբ` նախաձեռնությունը հաջողություն կունենա, եթե ադրբեջանցի լրագրողները կարողանան անկողմնակալ եւ հավաստի տեղեկություններ փոխանցել, ընդ որում` ոչ միայն Ղարաբաղյան հակամարտության, այլեւ հենց Ադրբեջանի ներքին իրադարձությունների ու խնդիրների մասին։

«Չեմ կարծում, որ Հայաստանում Ադրբեջանի կյանքի մասին նորություններ իմանալու պրոբլեմ կա, որովհետեւ բոլորն էլ իրենց սայթերը կարողանում են կարդալ: Այ, ուրիշ բան, եթե Ադրբեջանի իրական ներքին կյանքի մասին նորություն տա, այսինքն` այն, ինչ որ գուցե իրենց մոտ էլ շատ չի գրվում: Բայց չեմ կարծում, որ այդքան բացվի խոհանոցը իրենց ներքին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գեղամ Վարդանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG