Մատչելիության հղումներ

Աֆղանստանը` լեռնագնացության վայր


Աֆղանստանի լեռներում
Աֆղանստանի լեռներում

Շոտլանդական Mountain Unity տուրիստական ընկերությունը Աֆղանստանը ներկայացնում է իբրեւ լեռնագնացության համար չափազանց հետաքրքիր վայր:

Ընկերությունը հիմնադրել է նախկին զինվորական Դեյվիդ Ջեյմսը: Նա բրիտանական զինուժի կազմում երկու անգամ եղել է Աֆղանստանում, ծառայությունը ավարտելով` որոշել է վերադառնալ, գործ հիմնել այստեղ:

Ջեյմսը BBC-ին ասել է, թե «Վախանյան միջանցք» անվամբ լեռնային տեղանքը հատկապես հարմար է լեռնագնացությամբ զբաղվելու համար, քանի որ այն, նախկին զինվորականի խոսքերով, «անվտանգ է»:

Միացյալ Նահանգները Մեծ Բրիտանիայի հետ համատեղ Աֆղանստան զորքեր մտցրեց 2001 թվականի հոկտեմբերի սկզբին` սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից օրեր անց, եւ արդեն մոտ 9 տարի է` այնտեղ շարունակվում են պատերազմական գործողությունները: Իսկ այս տարի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Աֆղանստան հավելյալ 30 հազար ամերիկացի զինծառայող ուղարկելու մտադրության մասին: Միացյալ Նահանգները ծրագրում է իր զորախմբերը Աֆղանստանից դուրս բերել հաջորդ տարվա կեսից:

Աֆղանստանը իբրեւ լեռնագնացության համար հարմար վայր ներկայացնելու իր քայլը շոտլանդական տուրիստական ընկերությունը այսպես է մեկնաբանում. մինչեւ 1979 թվականը` սովետական բանակի մուտքը երկիր, աֆղանական լեռները ալպինիզմի սիրահարների համար բավական հայտնի վայր են եղել:

Mountain Unity ընկերության հիմնադիրը այս ձեռնարկից շահույթ չի ակնկալում. պատրաստվում է ստացված ֆինանսական միջոցները աֆղաններին փոխանցել` Վախանյան միջանցքի վերականգնման նպատակով:

BBC-ին մեջբերել է լեռնագնաց, ազգությամբ շվեյցարացի Քրիս Ֆիլիպսոնի խոսքերը. - «Երբ ես ասում եմ, որ հանգստացել եմ Աֆղանստանում, մարդիկ ապշում են, նրանք ուղղակի աչքերը լայն բացում են եւ ոչինչ չեն կարողանում ի պատասխան ասել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG