Մատչելիության հղումներ

Վիկտոր Յանուկովիչը ստանձնեց Ուկրաինայի նախագահի պաշտոնը


Վիկտոր Յանուկովիչը ժամանում է Գերագույն ռադա երդմնակալության արարողության համար, Կիեւ, 25-ը փետրվարի, 2010թ.
Վիկտոր Յանուկովիչը ժամանում է Գերագույն ռադա երդմնակալության արարողության համար, Կիեւ, 25-ը փետրվարի, 2010թ.

Ուկրաինայի Գերագույն ռադայում հինգշաբթի օրը կայացել է երկրի չորրորդ նախագահի` Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողությունը:

Ձեռքը դնելով Ուկրաինայի Սահմանադրության եւ Ավետարանի վրա` Յանուկովիչը, մասնավորապես, հայտարարել է. - «Ժողովրդի կամքով ընտրվելով Ուկրաինայի նախագահ եւ ստանձնելով այս բարձր պաշտոնը` հանդիսավոր կերպով երդվում եմ նվիրված լինել Ուկրաինային: Երդվում եմ իմ բոլոր ձեռնարկներով պաշտպանել Ուկրաինայի ինքնիշխանությունը եւ անկախությունը, նպաստել հայրենիքի բարօրությանը եւ ուկրաինացի ժողովրդի բարեկեցությանը, պաշտպանել քաղաքացիների իրավունքները եւ ազատությունները, առաջնորդվել Ուկրաինայի Սահմանադրությամբ եւ Ուկրաինայի օրենքներով, իրականացնել իմ պարտականությունները ի շահ բոլոր հայրենակիցների եւ բարձրացնել Ուկրաինայի հեղինակությունը աշխարհում»:

Ընդգծելով, որ «ներկայումս երկիրը ծայրահեղ բարդ իրավիճակում է. պետբյուջեի բացակայություն, արտաքին խոշոր պարտքեր, աղքատություն, քայքայված տնտեսություն՝ Յանուկովիչը որպես իր առջեւ դրված առաջնահերթ խնդիր նշել է երկրի իշխանական համակարգում բարեփոխումների իրականացումը:

Ուկրաինայի նորընտիր նախագահը ստորագրել է երդման տեքստը, հնչել է երկրի օրհներգը, Սահմանադրական դատարանի ղեկավար Անդրեյ Ստրիժակը հանձնել է Յանուկովիչին նախագահի պաշտոնը ստանձնելու մասին վկայական:

Յանուկովիչի պաշտոնամուտի արարողությանը մասնակցելու նպատակով հինգշաբթի օրը Կիեւ է ժամանել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկյանը:

Երդմնակալության հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաեւ Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման, Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Աշթոնը, Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդական Ջեյմս Ջոնսը, Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը, մեկ տասնյակ երկրների նախագահների գլխավորած պատվիրակություններ:

Նախագահական ընտրություններում Յանուկովիչի հիմնական մրցակից, երկրի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն չի մասնակցել արարողությանը: Նա հրաժարվում է ճանաչել Յանուկովիչի հաղթանակը եւ պնդում է, թե «կեղծիքների ճանապարհով իշխանության եկած նախագահը երկար չի կարող պաշտոնավարել»:

«Նարնջագույն հեղափոխությունից» 5 տարի անց ռուսամետ գործիչը ստանձնեց Ուկրաինայի նախագահի պաշտոնը: Փորձագետները նշում են, թե երդմնակալության արարողությունը վերջ դրեց այս ամսվա հետընտրական բանավեճերին, բայց ոչ երկրի քաղաքական ճգնաժամին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG