Մատչելիության հղումներ

Փետրվարի 25-ի մամուլ


«Ժամանակ»-ը իր առաջնորդողում գրում է. - «Վերջին օրերին Հայաստանում ակնհայտորեն նկատվում է բռնության որոշակի էսկալացիա: Խոսքը, բնականաբար, իշխանությունից եկող բռնության մասին է, քանի որ Հայաստանում դժվար է պատկերացնել, որ կարող է որեւէ այլ տեղից բռնության ալիք գալ: Աղմկոտ եւ անհեթեթ պատճառաբանություններով ձերբակալվում, հետո ստիպված ազատ է արձակվում հայտնի գործարար Սարիբեկ Սուքիասյանը, ոստիկանությունը բռնություն է կիրառում Հայ ազգային կոնգրեսի խաղաղ երթի մասնակիցների նկատմամբ, հետո ոստիկանության բաժին են տարվում ոսկու շուկայի գործադուլավոր ձեռներեցները, եւ ի վերջո, գլխավոր դատախազության շենքի դիմաց մի քանի րոպե շարունակ ծեծի է ենթարկվում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Բռնության այդ դրսեւորումներն առանձին-առանձին գուցե շատ քիչ են կապված իրար, բայց ընդհանուր համապատկերում դրանք հստակ տալիս են այսօրվա Հայաստանի պարզ նկարագիրը: Ի՞նչ կարելի է ասել այդ նկարագրի կապակցությամբ: Ի՞նչ կարելի է ասել մի իրավիճակի մասին, որում բռնությունները հաջորդում են իրար, եւ դրանց համար որեւէ մեկը պատասխանատվություն չի կրում, կամ եթե պատասխանատվություն կրում է, ապա ոչ թե բռնության աղբյուրը, այլ տուժողը: Բայց ամենից էականն ու հատկանշականը ինքնին բռնությունների ալիքի առաջացումն է, որն անկասկած վկայում է իշխանության նյարդային վիճակի մասին»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության մասին խոսակցությունները համառորեն շարունակվում են, ընդ որում` այնպիսի հետեւողականությամբ, կարծես թե խոսքն ինչ-որ կարեւոր բանի մասին է: Նույնիսկ կարծիքներ են հնչում, թե Տիգրան Սարգսյանը փորձում էր պայքարել մոնոպոլիաների եւ օլիգարխների դեմ, դրա համար էլ հանում են: Մյուս կողմից էլ` 14.4 տոկոսանոց տնտեսական անկում արձանագրած ցանկացած երկրում վարչապետը մեխանիկորեն պաշտոնանկ կարվեր, բայց նախ` Հայաստանում նման մանրուքներին ուշադրություն չեն դարձնում, եւ երկրորդ` Հայաստանի առանձնահատկություններից մեկն էլ հենց այն է, որ վարչապետն առանձնապես կապ չունի տնտեսության կառավարման հետ: Դե հիմա մարդ է` նշանակել են, վաղը կհանեն ու մի ուրիշին կնշանակեն, ի՞նչ պիտի փոխվի դրա արդյունքում: Կարեւորագույն տնտեսական որոշումները, միեւնույն է, բոլորովին այլ տեղում եւ այլ «ձեւաչափով» են ընդունվում»:

«Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի վարչապետ նշանակելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը», - News.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Հարցին, թե ինչով է այժմ զբաղվում Ռոբերտ Քոչարյանը, Սողոմոնյանը պատասխանել է. - «Ինչով սովորաբար զբաղվում են պաշտոնաթող նախագահները: Հատուկ գործունեության ոլորտ չեմ կարող նշել, բայց տարբեր տեսակի գործունեությամբ զբաղվում է»: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ «հայաստանյան մամուլում ակտիվ լուրեր են շրջանառվում, թե մորտի 1-ին պաշտոնանկ է արվելու վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու է Ռոբերտ Քոչարյանը»:

«Առավոտ»-ի թղթակիցը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին հարցնում է. - «Գազի թանկացման հետեւանքով էլեկտրաէներգիան կթանկանա՞»: Պատասխան. - «Իհարկե, բնական գազի սակագնի բարձրացումն անմիջապես ազդում է ՋԷԿ-երում արտադրվող էլեկտրաէներգիայի սակագների վրա: Սակայն սակագնի այս վերանայման ժամանակ հնարավոր կլինի խուսափել վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Ինչպեսեւ սպասվում էր, առաջիկայում կթանկանա ոչ միայն գազը, այլեւ ջուրը։ «Երեւան ջուր» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ առաջարկելով բարձրացնել ջրամատակարարման-ջրահեռացման սակագինը։ Ներկայացված, այսպես կոչված, ճշգրտման հայտով նախատեսվում է սպառողների մանրածախ ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագինը հուլիսի 1-ից բարձրացնել գրեթե 27 դրամով, գրեթե 4 դրամով նախատեսվում է բարձրացնել նաեւ սպառողների մեծածախ ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման վճարը: Ինչպես հայտնի է, Երեւանի ջրամատակարարման ցանցում կորուստները հասնում են շուրջ 80 տոկոսի։ Կառավարիչ ընկերությանը չի հաջողվում այս առումով լուրջ դրական տեղաշարժ գրանցել։ Պատահական չէ, որ այն արդեն էապես շեղվել է կորուստների վերաբերյալ սահմանված պայմանագրային պարտավորություններից։ Անցած տարվա համար նախատեսված 68 տոկոս կորուստների փոխարեն դրանք գերազանցեցին 80 տոկոսը։ Մի բան, որ բացասական ազդեցություն է թողնում ջրամատակարարման ինքնարժեքի վրա։ Ակնհայտ է, որ հերթական անգամ իր թերացումները «Երեւան ջուրը» փորձում է փոխհատուցել սակագները բարձրացնելու միջոցով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG