Մատչելիության հղումներ

Հարկային փոփոխությունների փաթեթով սահմանվում են 2 նոր տեղական հարկատեսակներ


Խորհրդարանն այսօր 71 կողմ, 20 դեմ, 7 ձեռնպահ քվեներով ընդունեց հարկային փոփոխությունների նախագիծը, որով, մասնավորապես, սահմանվում են 2 նոր տեղական հարկատեսակներ. հյուրանոցային հարկ եւ տրանսպորտային միջոցների կայանատեղիի հարկ՝ ի լրումն հողի հարկի եւ գույքահարկի։

Խորհրդարանական անցյալ քառօրյայում հարկային փաթեթը, որով առաջարկվում էր տեղական ինքնակառավարման մարմիններին իրավունք վերապահել իրենց հայեցողությամբ սահմանել 8 նոր հարկատեսակներ, բուռն քննարկումների առիթ էր դարձել, քվեարկությունը հետաձգվել էր։ Առաջարկվող հարկատեսակներից էին՝ հյուրանոցային հարկը, վաճառքի, անավարտ շինարարության, անմշակ հողերի, կառուցապատման հողատարածքների ոչ նպատակային օգտագործման, համայնքային օբյեկտների վրա գովազդ տեղադրելու, տրանսպորտային միջոցների կայանատեղիի եւ հանրային տարածքների զբաղեցման հարկերը։

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով անցյալ քառօրյայում պատգամավորների դժգոհություններին ի պատասխան խոստացել էր, թե նախագիծը չի ընդունվի, եթե հստակեցումներ չլինեն, այսօր հայտարարեց, թե ինքը կողմ է քվեարկելու կառավարության ներկայացրած լրամշակված փաթեթին։ Կառավարությունը, մասնավորապես, կրճատել է նախկին նախագծով առաջարկվող 8 հարկատեսակներից 6-ը, թողնելով միայն հյուրանոցային ու կայանատեղիի հարկերը։

Ի դեպ, այսօր Հովիկ Աբրահամյանը, արձագանքելով նախագծի վերաբերյալ հնչած քննադատական ելույթներին, նաեւ ասաց, թե վերոհիշյալ հարկատեսակները կառավարությունը չի հորինել, դրանք կան շատ երկրներում, այնպես որ՝ պատգամավորները թող «կարկառուն» ելույթներ չուենան։

Կոալիցիոն խմբակցությունները հիմնականում կողմ քվեարկեցին նախագծին։

Ազգային ժողովի Դաշնակցության խմբակցությունը դեմ քվեարկեց։ Խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը այս առիթով նշեց, որ Դաշնակցությունը դեմ է նախագծին, քանի որ եթե այնտեղ նշված 8 տեղական հարկատեսակներից 6-ից կարելի է մի օրում հրաժարվել, դա նշանակում է` կառավարության նախագիծը «լուրջ չէ»։

«Ժառանգություն» խմբակցությունից Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, թե խմբակցությունը ձեռնպահ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG