Մատչելիության հղումներ

«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծն ընդգրկվել է Աժ-ի առաջիկա քառօրյայի օրակարգում


Լրացումները վերաբերում են միջազգային պայմանագրերի կնքման ընթացակարգերի կասեցմանը կամ դադարեցմանը:

Նշված օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագահ Սերժ Սարգսյանը խոսել էր անցած դեկտեմբերին՝ Լատվիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում: Նախագահը ընդգծել էր, որ Հայաստանը «համապատասխան քայլերի կդիմի»՝ եթե Թուրքիան ձգձգի նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը:


Խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում օրինագիծը ներկայացրեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հարցին, թե արդյո՞ք կառավարության շտապողականությունը այս օրինագծի հարցում նշանակում է, թե երկրի նախագահը «տեսնում է որոշ նշաններ [արձանագրությունների վավերացման] գործընթացից դուրս գալու համար», փոխարտգործնախարարը պատասխանեց, թե փոփոխությունն արվում է պարզաբանումներ տալու՝ թե կոնկրետ ով եւ ինչպես կարող է դադարեցնել կամ կասեցնել միջազգային պայմանագրերը:

«Ես կուզենայի մի հստակեցում մտցնել, որ չլինի տպավորություն, որ այս փոփոխության իմաստը կայանում է նրանում, թե կա այնպիսի որոշում, որ մենք պետք է սա արագ անենք, որ դուրս գանք [վավերացման գործընթացից]: Ոչ», - ասաց Շավարշ Քոչարյանը՝ շարունակելով. - «Հայկական կողմը անկեղծորեն ձգտում է, որ այդ արձանագրությունները կյանքի կոչվեն: Մյուս կողմից, երբեք չենք հանդուրժի, որ այս արձանագրությունների ամբողջ գործընթացը՝ վավերացման, կյանքի կոչելու, օգտագործվի նախապայմաններ առաջ բերելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG