Մատչելիության հղումներ

Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը «չի համապատասխանում իրականությանը»


Nagorno Karabakh -- Statue "We and our mountains" in Karabakh, Archive
Nagorno Karabakh -- Statue "We and our mountains" in Karabakh, Archive

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մամլո քարտուղար Սենոր Հասրաթյանը ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը հինգշաբթի օրը հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու մասին:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հինգշաբթի օրը շփման գծում հայկական կողմի հրահրած «լայնամասշտաբ փոխհրաձգության» արդյունքում զոհվել են ադբեջանական բանակի 3 զինծառայողներ:

Պաշտպանության բանակի մամլո քարտուղարը հայտարարեց, որ «հայկական կողմից ոչ մի կրակոց չի արձակվել»: Նա կտրականապես հերքեց նաեւ ադրբեջանական կողմի պնդումները, թե հայկական կողմից էլ կան զոհեր՝ դա որակելով «մեծ սուտ»:

«Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը պահպանում է հրադադարի ռեժիմը, եւ ադրբեջանցի զինվորների զոհվելու պատճառը խորհուրդ եմ տալիս փնտրել Ադրբեջանի զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակի մեջ», - ասաց Սենոր Հասրաթյանը՝ հայտարարելով. - «Ադրբեջանի տարածած տեղեկությունը հերթական անգամ չի համապատասխանում իրականությանը»։

Հասրաթյանը ասաց նաեւ, որ դատելով զոհված զինվորների ազգանուններից, որոնք հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները, «պարզ է դառնում, որ նրանցից մեկը թալիշ է, մյուսը՝ լեզգի, երրորդն էլ՝ ավար»։

«Սա Ադրբեջանում առկա ազգային փոքրամասնությունների դեմ քաղաքականության ապացույցն է», - եզրափակեց Սենոր Հասրաթյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG