Մատչելիության հղումներ

Սարիբեկ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել


Այսօր «Սիլ» կոնցեռնի համասեփականատեր, «Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածով հանցագործություն կատարելու համար, այն է՝ անձին ապօրինի ազատությունից զրկելը։

Անցած շաբաթ Սարիբեկ Սուքիասյանը ձերբակալվել էր, որից 72 ժամ անց ազատ էր արձակվել, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Գործարարը կասկածվում էր Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածով՝ սպանության սպառնալիք։ Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, փետրվարի 12-ին ոստիկանության է դիմել «Աուդիտ» ՍՊԸ տնօրեն Գոռ Դավթյանը եւ հայտնել, որ «Սիլ գրուպի» գրասենյակում իրեն սպառնացել են ու պարտադրել ստորագրել «Բյուրեղ» ՓԲԸ-ի բաժնեմասերի հետ կապված որոշ փաստաթղթեր, որից հետո Սարիբեկ Սուքիասյանը բերման է ենթարկվել։

Մեղադրանքի հարուցման հետ կապված` Սարիբեկ Սուքիասյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես, ասված է. - «Դրա նպատակը մեզանից մեր նոր գործարանը խլելն է եւ մեր բարի համբավը վնասելը։ Քաղաքական դրդապատճառները բոլորին հայտնի են։ Հուսով եմ, չի գա այն ժամանակը, որ մենք ստիպված լինենք հրապարակելու մեր ունեցվածքը խլելու ցանկություն ունեցող բանդայի բոլոր անդամների անուննները»։

Ավելի վաղ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, գործարարը համոզմունք էր հայտնել, որ իրենց ընտանիքի դեմ ուժային կառույցների ձեռնարկած քայլերը պայմանավորված են Սուքիասյանների ընդդիմադիր քաղաքական կողմնորոշմամբ, որն էլ իր հերթին հանգեցնում է տնտեսական հետեւանքների։ Սարիբեկ Սուքիասյանը կարծիք էր հայտնել, որ «Բջնի» հանքային ջրերի գործարանը իրենցից «խլելուց» հետո, այժմ էլ իշխանությունների նպատակն է խլել «Բյուրեղ» շշալցվող ջրերի գործարանը, որտեղ, մասնավորապես, արտադրվում է «Սիլ» շշալցված ջուրը։


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG