Մատչելիության հղումներ

Փետրվարի 18-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ը անդրադարձել է Երկրապահ կամավորականների միության համագումարից հետո լրագրողների հետ զրույցում Սասուն Միքայելյանի վերաբերյալ Մանվել Գրիգորյանի հնչեցրած գնահատականներին` գրելով. - «ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը նախօրեին լրագրողների հարցին ի պատասխան ինչ-որ բան ասաց, որից պետք էր եզրակացնել, որ նա ուզում է ասել, որ քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի ազատության գործը Սասուն Միքայելյանի գործն է: Գեներալ Մանվելը հասցեն էլ ցույց տվեց, թե իբր Սասուն Միքայելյանը թող Սերժ Սարգսյանի հետ լեզու գտնի: Բան անի` բան ըլնի, էլի: Այս դիրքորոշումը խիստ հասկանալի է, որովհետեւ Սասուն Միքայելյանը բանտում է ոչ այն պատճառով, որ պակաս ներդրում ունի Ղարաբաղյան պատերազմում, իսկ գեներալ Մանվելը բանտում չէ ոչ այն պատճառով, որ նրա մոտ հնարավոր չէ ապօրինի զենք-զինամթերք գտնել: Պարզապես իշխանական միջանցքներում ձեռք բերած պրակտիկան Մանվելին սովորեցրել է անհրաժեշտ պահերին հիվանդանոցում պառկել եւ անբուժելի հիվանդության էպիկրիզ գնել, երբեմն բան անել, որ բան լինի, եւ ի վերջո երբ անհրաժեշտ է` ժողովրդի կողքին լինելու ձեւ բռնել, իսկ երբ անհրաժեշտ է` ճողոպրել»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - ««Հետսովետական մարդու աշխարհայացքի հիմքը ցինիզմն է»՝ ճշգրիտ ձեւակերպում է, որ տվել է Հրանտ Տեր-Աբրահամյանը: Իսկ ցինիզմի ակունքը, իր հերթին, իրական կյանքի եւ պաշտոնական «փչոցների» հակասությունն է: Հենց ստի, կեղծիքի մթնոլորտում է, որ գող-ավազակը դառնում է ոչ միայն պատգամավոր կամ նախարար, այլեւ, որ ավելի վատ է, դառնում է անսքող հարգանքի առարկա, «աչքաբաց, շուստրի, բաշարող» տղայի փառք ձեռք բերում: Պետական ցինիզմի վերջին երկու դրսեւորումները պարզապես ապշեցուցիչ են: Պարզվում է՝ Սարիբեկ Սուքիասյանը «մահվան սպառնալիքով» ինչ-որ մեկին ստիպել է ինչ-որ բան ստորագրել: Սարոյին 15 տարի ճանաչելով՝ նման բան, ճիշտ ասած, չեմ կարող պատկերացնել: Ցինիզմի երկրորդ դեպքը ավելի զավեշտական է: Թե ինչպես են հունվարի 10-ին անցել թիվ 10 ընտրատարածքի ընտրությունները, բոլորին հայտնի է. քուչի խուժանը ոստիկանության աջակցությամբ ամեն ինչ արեց, որ «ընտրվի» իշխանության թեկնածու Արա Սիմոնյանը: Եվ ահա դատախազությունը «բացահայտեց» օրենքի խախտման առաջին դեպքը եւ պարզվեց, որ ընտրությունները կեղծվել են հօգուտ Նիկոլ Փաշինյանի: Հիրավի, երբ անեկդոտը իրականություն է դառնում, այն այնքան էլ ծիծաղելի չի հնչում»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Եվրատեսիլի հայաստանյան մրցույթին հետեւելիս ստիպված էի մի շարք տխուր իրողություններ արձանագրել: Մենք սկսել ենք նմանվել բանանային պետության, որտեղ արժեքային համակարգը, գաղափարները այնքան են խճողված եւ ոչնչացած, որ պետության եւ ազգի համար վճռորոշ շատ իրադարձություններ ու երեւույթներ, մեր ներկայի ու ապագայի շատ խնդիրներ այնքան չեն զբաղեցնում մարդկանց, որքան մի համերգային մրցույթի մեր մասնակցությունը: Քիչ է մնում «Եվրատեսիլ»-ի հողի վրա քաղաքացիական պատերազմ ծագի: Ուր էր, թե նման սրտացավություն ու մասնակցություն ցուցաբերեին համապետական ընտրությունների կամ համազգային խնդիրների լուծման ժամանակ»:

Ըստ «Հայոց Աշխարհ»-ի՝ ԵԽԽՎ-ում շվեդական նախաձեռնությամբ հայտնված փաստաթղթի հեղինակի մասին նախօրեին հետաքրքիր անդրադարձ է կատարել նաու Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը. - ««Շվեդական պատվիրակության անդամը կարող է պատվեր կատարել։ Կարող է ինչ-որ մեկ այլ երկրի լոբբիստը լինել, միջազգային կազմակերպությունները, այնտեղ նստած պատգամավորները կարող են լինել որեւէ այլ երկրի լոբբիստը, եւ ինքը որեւէ երկրի լոբբիստական աշխատանք էր կատարում։ Իսկ ձեզ եմ հարցնում` Հայաստանի Հանրապետությունում բանակը օգտագործվե՞լ է ժողովրդի դեմ։ ...Նա (Լինդբլանդը) չի հասկանում՝ ինչ է գրում, նրան ասել են ինչ գրի, ինքը անում է։ Նրա պետքն էլ չէ՝ ճի՞շտ է, թե՞ չէ։ Նա ասում է՝ ցույցի դադարեցման, ճնշման հարցում օգտագործվել է բանակը, բայց բանակը չի օգտագործվել նման տեղում (օգտագործվել են ներքին զորքերը, որոնք օգտվել են պաշտպանության նախարարության փոխադրամիջոցներից), որեւիցե մեկը չի տեսել զինվորին ցույցի հարկադիր դադարեցման գործողություն իրականացնելիս»։ Սկզբունքորեն, եթե մինչ այս էլ գրեթե ամեն ինչ պարզ էր «լինդբլանդապատման» հարցում, ապա Սամվել Նիկոյանի դիտարկումները, կարելի է ասել, առավել հստակեցրին պատկերը», - եզրակացնում է թերթը:

«Հայկական ժամանակ»-ին հարցազրույց է տվել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը: Լրագրողը հարցնում է. - «Պարոն դեսպան, անցյալ շաբաթ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի լոնդոնյան այցը, որը ոչ միանշանակ մեկնաբանությունների արժանացավ: Մինչ այցելությունը, Դուք ասել էիք, որ այցը պաշտոնական չէ, այլ մասնավոր: Այցի նախօրյակին Սերժ Սարգսյանի աշխատակազմը հայտարարեց, որ այցն աշխատանքային է»: Դեսպանը պատասխանում է. - « Այո հրավերը եղել է մասնավոր բարեգործական միջոցառմանը մասնակցելու համար, բայց մենք ուրախ ենք, որ ինքը աշխատանքային հանդիպումներ ունեցավ թագուհու, արքայազն Չարլզի եւ արտաքին գործերի նախարարի հետ: Ուրախ ենք նաեւ, որ պարոն նախագահը հնարավորություն ունեցավ այլ միջոցառումների եւս մասնակցել: Մասնավորապես, «Չեթըմ Հաուզում» ունեցավ ելույթ, մասնակցեց Արշիլ Գորկու նկարների ցուցահանդեսի բացմանը, հանդիպեց մեր երկրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ»:

«Ազգ»-ի մեկնաբանը գրում է. - «Հայաստանում բազմիցս են հնչեցվել հայտարարություններ, թե երկիրը տնտեսության գերակա ճյուղ է համարում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը: Սակայն իրականությունն այն է, որ Կովկասում միակ երկիրը, որը ՏՏ ոլորտը գերակա ուղղություններից մեկն է համարել իր համար, նույն Կովկասում վերջին տեղն է զբաղեցնում ինտերնետի տարածվածության մակարդակով: Այսպես, Internetworldstats-ի տվյալներով, Հայաստանի` պաշտոնապես հայտարարված 3 մլն բնակչության ընդամենը 6,4 տոկոսն է օգտվում ինտերնետից: Հարեւան 4 միլիանանոց Վրաստանում ինտերնետից օգտվում է բնակչության 22 տոկոսը, իսկ Ադրբեջանի 8 միլիոնից` 18 տոկոսը: Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ ընդհանուր Կովկասում նկատվում է ինտերնետի տարածվածության աճ, 9 տարվա ընթացքում Հայաստանում ինտերնետը տարածվել է 536,7 տոկոսով, Ադրբեջանում 12275,8 տոկոսով, իսկ Վրաստանում` 5020 տոկոսով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG