Մատչելիության հղումներ

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագիրը միանշանակ չի ընկալվում


Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան
please wait

No media source currently available

0:00 0:02:12 0:00
Ուղիղ հղում

Վերջերս կառավարության կողմից հաստատված «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագիրը արժանանում է ինչպես փորձագետների, այնպես էլ այդ ծրագրի պոտենցիալ շահառուների ոչ միանշանակ մեկնաբանություններին:

Ըստ ծրագրով սահմանված նախապայմանների, դրա շահառու կարող են լինել այն երիտասարդ ընտանիքները, որտեղ ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 60-ը, միեւնույն ժամանակ ընտանիքի անդամներից ոչ մեկի տարիքը չի գերազանցում 35 տարեկանը, կամ երեխա ունեցող միայնակ ծնողը, որի տարիքը չի գերազանցում 30 տարեկանը։

Բնակարանի ձեռք բերման համար հիփոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 10 տարի մարման ժամկետով, 10.5-11 տարեկան տոկոսադրույքով, որից 2 տոկոսը կսուբսիդավորի պետությունը։

Բնակարանի գինը Երեւանում եւ մարզերում չի կարող գերազանցել 16 միլիոն դրամը։ Իսկ կանխավճարը կազմելու է ոչ ավելի, քան բնակարանի արժեքի 40 տոկոսը։

Հայաստանի ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով այս ծրագիրը, ասաց. - «Հետեւյալ գաղափարախոսությունն է տակը դրված, որ հիմնականում դժվարություններ ունենում են բնակարան ձեռք բերելու հետ կապված այն մարդիկ, որոնք մինչեւ 30 տարեկան են»:

Երիտասարդ ընտանիքը, որը համապատասխանում է ծրագրում ամրագրված բոլոր չափորոշիչներին, հիփոթեքային վարկավորման համար պետք է ունենա նաեւ ամսեկան 340 հազար դրամ եկամուտ։

«Իրականում միջին աշխատավարձը մոտավորապես 100 հազարի շրջանակներում է: Նաեւ թույլատրվում է, քանի որ բանկային պրոցեդուրաներով է սա լինելու, որպեսզի գարանտների ինստիտուտը աշխատի: Այսինքն, եթե կլինեն երաշխավորողներ՝ հայրը, մայրը, որոնք կօժանդակեն... Պարտադիր պայման ֆիքսված չէ, որ անպայման պետք է այդ երիտասարդների աշխատավարձը այդքան լինի», - այս կապակցությամբ ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ, ըստ փորձագիտական նախնական գնահատականների, այս տարի ծրագիրը կարող է ունենալ մինչեւ 300 շահառու:

Ծրագրի պոտենցիալ շահառուներից մի երիտասարդ «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Նման պայմաններով, ճիշտն ասաց, դժվար է: Գոնե մի քիչ ավելի մատչելի լինի գումարը, որ կարողանանք տուն առնել: 300 հազար դրամ, ինձ թվում է, մի քիչ շատ է: Բայց, իհարկե, հաճելի է, որ փորձում են օգնել երիտասարդ ընտանիքներին»:

«Միտքը հրաշալի է, սակայն նշեմ, որ ծրագիրը շատ թերի կողմեր ունի: Շատ ավելի լավ կլիներ, որ նախապես հարցնեին երիտասարդների կարծիքը», - ասաց արվեստաբան Նելլի Անտոնյանը. - «Ամուսնացող զույգերի տարիքն է մեծացել: Բացի այդ, այդ տարիքում [մինչեւ 30 տարեկան] երիտասարդները չեն կարող բավականաչափ գումար վաստակել, որպեսզի համապատասխանի հիպոթեք վերցնելուն»:

Ծրագրի մասին իր կարծիքը հայտնեց նաեւ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ Նրա խոսքով, «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագիրը իշխանությունների «հերթական իմիտացիան է»։

«Երբ խորանում ենք որոշման մեջ, պարզ է, որ առանց իրենց աջակցության էլ, եթե երիտասարդ ընտանիք է, ունի 300 հազար դրամ եկամուտ, կարող են առանց իշխանության կամ կառավարության օգնության էլ մասնավոր բանկերի միջոցով ստանալ այն, ինչ ցանկանում են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Խաչատրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG