Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ն կառավարությանը հորդորում է օգնել աղքատներին


Արժույթի միջազգային հիմնադրամը դեմ չէ Հայաստանում գազի սակագնի սպասվող բարձրացման հետ կապված սուբսիդավորմանը, եթե այն հասցեագրված է: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը:

Ապրիլի 1-ից Հայաստանում բարձրանալու է բնական գազի սակագինը: Ըստ «ՀայՌուսգազարդ» ընկերության` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած հայտի, փոքր սպառողների` բնակչության համար գազի 1 խորանարդ մետրը այսուհետ կարժենա 136 դրամ (մոտ 0.3 դոլար)` նախկին 96 դրամի փոխարեն:

Թեեւ վերջնական գինը հայտնի կդառնա միայն հաջորդ շաբաթ, սակայն փորձագետները վստահ են, որ հանձնաժողովը աննշան տարբերությամբ հաստատելու է ներկայացված հայտը: Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ գազի թանկացումից տուժողները հիմնականում լինելու են հասարակության սոցիալապես անապահով խավերը:

Հայաստանի կառավարությունը արդեն իսկ հայտարարել է, թե որեւէ տեսակի փոխհատուցում չի նախատեսում: Մասնավորապես, վարչապետ Տիգրան Սարգսյանը գազի գնի սուբսիդավորման հավանականության վերաբերյալ հարցին արձագանքել էր. - «Իմ մտքով այդպիսի բան չի անցել, եւ ձեզ խորհուրդ եմ տալիս չհուշել ոչ մեկին նման բաներ: Ոչ, ես կողմնակից չեմ»:

Կառավարության փաստարկներից մեկն էլ այն է, որ սուբսիդավորմանը դեմ են միջազգային դոնոր կազմակերպությունները: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, սակայն, Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը ասաց, թե իրենք ամենեւին էլ դեմ չեն սուբսիդավորմանը, եթե այն հասցեագրված է. - «Սակագների այս կարգի փոփոխությունների դեպքում շատ արդյունավետ կարող է լինել հասցեագրված, ոչ թե ընդհանուր սուբսիդավորումը: Այլ կերպ ասած, եթե սակագների փոփոխությունը բացասական ազդեցություն պետք է ունենա, պետք է փորձել օգնել այն խավերին, որոնց վրա ազդեցությունը առավել զգալի կլինի, ոչ թե հարուստներին, որոնք դրա կարիքը չունեն: Դրա համար, որոշ դեպքերում մենք կողմ ենք աղքատ խավերին կառավարությունների կողմից ցուցաբերվող աջակցությանը»:

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությունը քննարկում է այս հարցը Հայաստանի կառավարության հետ, եւ, ըստ Մարկ Լյուիսի, Հիմնադրամի դիրքորոշումն այն է, որ եթե պետական աջակցությունը ճիշտ կառավարվի, հասցեագրված սուբսիդիաների տրամադրումը համարժեք պատասխան կլինի գնային այս փոփոխություններին:

Շաբաթասկզբին կայացած հանրային քննարկումների ժամանակ «ՀայՌուսգազարդ» ընկերության փոխնախագահ Վահագն Առաքելյանը հայտարարել էր, թե սոցիալապես անապահովների համար գազի թանկացումը կազմելու է միջինը ամսական 2 հազար դրամ, իսկ դրա փոխհատուցումը կառավարության խնդիրն է:

«Քիչ չէ, ես չեմ ասում քիչ է: Մեկի համար քիչ է, մեկի համար` չէ, բայց դա մենք չենք կարող սուբսիդավորել: Դա մեր խնդիրը չէ` սոցիալական հարց լուծելը: Նման հարցը պետք է տալ կառավարությանը, որովհետեւ ինքը գիտի` ովքեր են քիչ սպառողները», - ասել էր Առաքելյանը եւ մանրամասնել. - «Մենք բավականին հարկեր ենք ավելացնելու` 5 միլիարդ դրամ` ավելացված արժեքի հարկը, դա մի քանի անգամ ավելի շատ է, քան անհրաժեշտ կլինի այդ մարդկանց փոխհատուցելու համար: Ընդ որում, ովքե՞ր են վճարելու դրա համար` ունեւորները. է, թողեք, թող ունեւորները վճարեն»:

«Դա էլ կլինի սոցիալական երկիր, որ թողնեք, որ ունեւորները թանկ վճարեն այն բանի համար, ինչի համար պետք է վճարեն», - ամփոփել էր «ՀայՌուսգազարդ»-ի փոխնախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG