Մատչելիության հղումներ

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ստացել է հայ-թուրքական արձանագրությունների փաթեթը


Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ հանձնաժողովը երեքշաբթի օրը ստացել է հայ-թուրքական արձանագրությունների փաթեթը:

Հանձնաժողովը, սակայն, փաթեթը չի քննարկի գալիք ուրբաթ նշանակված նիստում, քանի որ հարցի շուրջ դեռեւս որոշում չի կայացվել:

Արտգործնախարարության մամուլի խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, իր հերթին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ այս պահի դրությամբ ուրբաթ օրը Էդվարդ Նալբանդյանի օրակարգում քննարկում նախատեսված չէ:

Անցած աշնանը Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների փաթեթը, հիշեցնենք, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ շրջանառության մեջ է դրել այդ փաթեթը եւ գլխադասային է նշանակել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը:

Նշված հանձնաժողովի անդամ, «ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենց հանձնաժողովում փաթեթի քննարկման ժամանակացույցը կախված է Արտաքին գործերի նախարարությունից, քանի որ հարցի զեկուցողը նախարար Նալբանդյանն է:

«Հետեւաբար նրա [նախարարի] համաձայնության բացակայության դեպքում հանձնաժողովը իր նախաձեռնությամբ չի կարող հարցը քննարկել», - ասաց պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG