Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի փոխնախագահը սխալ է համարում արձանագրությունների վավերացման վերջնաժամկետներ սահմանելը


Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյան
Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյան

Ազգային ժողովի փոխնախագահ, հանրապետական Սամվել Նիկոյանի համոզմամբ, Հայաստանը պետք է շարունակի իր նախաձեռնողական քաղաքականությունը նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների վավերացման հարցում։

Երեկ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շրջանառության մեջ է դրել հայ-թուրքական արձանագրությունների փաթեթը եւ որպես գլխադասային հանձնաժողով նշանակել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին։

«Վավերացման գործընթացի 3 տարբերակ է հնարավոր», - երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Նիկոյանը. - «Առաջինը՝ դա, որ գործընթացները զուգահեռ ընթանան, երկրորդը, որ մենք սպասենք թուրքական պառլամենտում այդ պրոցեսը ընթանա, եւ երրորդը՝ փորձենք մեր նախաձեռնողական քաղաքականություն շարունակել նաեւ վավերացման փուլում։ Կարծում եմ, որ շատ ավելի ճիշտ կլինի, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը շարունակի իր նախաձեռնողական քաղաքականությունը»։

Ազգային ժողովի փոխնախագահը նաեւ անընդունելի համարեց արձանագրությունների վավերացման համար կոնկրետ ժամանակահատված նշելը։ Ըստ նրա՝ սխալ է վերջնաժամկետներ սահմանելը։

«Ոմանք նշում են [վերջնաժամկետներ]՝ մարտ, ապրիլ։ Եթե մենք համոզված լինենք, որ դա տեղի է ունենալու մայիս ամսին, ի՞նչ է, մենք պետք է հրաժարվե՞նք վավերացումից։ Մենք պետք է հետեւենք գործընթացներին՝ նրանք դրական ուղղությամբ են զարգանում, լճացել են, թե հետընթաց են ապրում։ Դրանից կախված՝ ողջամիտ ժամկետը կարող է տարբեր ընկալում ունենալ։ Ողջամիտ ժամկետի ընկալումը նաեւ պետք է համահունչ լինի միջազգային հանրության, Ամերիկայի, Ռուսաստանի, Եվրոպայի ընկալումներին», - հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG