Մատչելիության հղումներ

RAND կորպորացիայի փորձագետները վտանգված են համարում թուրք - ամերիկյան գործընկերությունը


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հանդիպումը Անկարայում, 6-ը ապրիլի, 2009թ.
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հանդիպումը Անկարայում, 6-ը ապրիլի, 2009թ.

«Վտանգված գործընկերություն. թուրք - ամերիկյան հարաբերությունները աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների դարաշրջանում», - այսպես է կոչվում ամերիկյան ամենահեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկի` RAND կորպորացիայի կողմից Վաշինգտոնում հրապարակված ծավալուն մենագրությունը:150-էջանոց աշխատության մի մասը նվիրված է հայ - թուրքական հարաբերություններին եւ դրանցում Միացյալ Նահանգների դերակատարությանը:

RAND-ի վերլուծաբանների համոզմամբ` Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը դրական երեւույթ է: «Հայաստանի համար երկկողմ հարաբերությունների բարելավումը Մոսկվայից տնտեսական եւ քաղաքական կախվածության թուլացում կնշանակի: Բացի այդ, Հայաստանը կարող է ընդգրկվել տարածաշրջանային տնտեսական ու էներգետիկ այն ծրագրերում, որոնցից դուրս է մնացել: Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը կարող է նոր լիցք հանդիսանալ Եվրամիությանը անդամակցելու ճանապարհին», - նշում են ամերիկացի վերլուծաբանները` հավելելով. - «Ամեն դեպքում, սխալ կլիներ կարծել, որ հայ - թուրքական հարաբերությունների բարելավումն արդեն իսկ իրականություն է դարձել: Երկու երկրների մերձեցումը որոշակի լարվածություն է ստեղծել Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերություններում: Բաքվում մտավախություն կա, որ Անկարայի եւ Երեւանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման դեպքում ադրբեջանական կողմը Հայաստանի վրա ազդեցության կարեւոր մի լծակ է կորցնելու»:

Նշելով, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը շաղկապում է Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ` RAND-ի փորձագետները գրում են. - «Մեծ է հավանականությունը, որ այդ քայլը կդժվարացնի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավման գործընթացը»:

Ամերիկացի վերլուծաբանների համոզմամբ` այս գործընթացին խոչընդոտող եւս մեկ գործոն է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Միացյալ Նահանգների Կոնգրեսում շրջանառության մեջ գտնվող բանաձեւի նախագիծը: «Բանաձեւի ընդունումը կարող է լրջորեն վնասել Օբամայի վարչակազմի` Թուրքիայի հետ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերը: Բանաձեւի ընդունման դեպքում Անկարան կարող է պատասխան քայլերի դիմել` որոշակիորեն սահմանափակելով ամերիկացիների` Թուրքիայի տարածքում գտնվող ենթակառույցներից օգտվելու հնարավորությունները», - նշում են RAND կորպորացիայի մասնագետները:

Նրանց համոզմամբ` Ցեղասպանության բանաձեւի ընդունման հավանականությունը կաճի, եթե Թուրքիայում պաշտոնական Վաշինգտոնի համար անցանկալի ներքին զարգացումներ լինեն: Խոսքը, ըստ վերլուծաբանների, ռազմական նոր հեղաշրջման մասին է: «Եթե զինվորականները կրկին միջամտեն քաղաքական զարգացումներին, ապա Ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունման հավանականությունը առավել մեծ կլինի: Բացի այդ, Կոնգրեսը կարող է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ` արգելելով զենքի վաճառքը այդ պետությանը», - ասված է RAND կորպորացիայի փորձագետների վերլուծությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG