Մատչելիության հղումներ

Փետրվարի 16-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. – «Դուք երբեւէ տեսե՞լ եք, որ արվեստի գործի արժեքը որոշվի SMS քվեարկությամբ: Դա ընդամենը խաղ է՝ «Գուշակիր մեղեդին», «Միլիոնատեր»-ի կամ նույնիսկ «լոտո»-ի կամ «տոտո»-ի նման, որը արվեստի կամ մշակույթի հետ որեւէ կապ չունի: Փորձեք «Եվրատեսիլ» ուղարկել Առնո Բաբաջանյանի կամ Ռոբերտ Ամիրխանյանի որեւէ երգ եւ դուք կտեսնեք, թե որքան SMS են դրանք ստանալու: Այդ երգերը տապալվելու են նախ եւ առաջ այն պատճառով, որ կոմպոզիտորները այստեղ դրսեւորել են իրենց անհատականությունը, փնտրում եւ գտնում են այնպիսի արտահայտչամիջոցներ, որոնք կտարբերեին իրենց երգը միլիոնավոր այլ երգերից: Իհարկե, ինչպես ցանկացած ղումարբազության մեջ, «Եվրատեսիլ» կոչվող խաղում նույնպես հնարավոր են խարդախություններ: Եթե կեղծիքներ եղել են նաեւ այս դեպքում, ապա, ինչպես բոլոր կեղծիքները Հայաստանում, դրանք երբեք չեն բացահայտվի»: «Ինձ հիմա մի հարց է հետաքրքրում՝ արդյո՞ք Նադեժդա Սարգսյանը SMS քվեարկությունները անվավեր ճանաչելու համար դիմելու է Սահմանադրական դատարան: Եվ եթե՝ այո, ապա արդյո՞ք Սահմանադրական դատարանը Եվա Ռիվասի հաղթանակը կճանաչի վերապահումներո՞վ, թե՞ առանց վերապահումների», - հեգնում է «Առավոտ»-ի խմբագիրը:

«Գոլոս Արմենիի» թերթը գրում է. - «Դժվար չէր կանխատեսել հայրենի քաղաքական գործիչների արձագանքը «Բանակի ներգրավումը 2008 թվականի մարտյան իրադարձություններում» ԵԽԽՎ-ի հակահայկական որոշման նախագծին, որ պաշտոնական կայքէջում հայտնվեց փետրվարի վերջին: Ադրբեջանի կողմից ուղղորդվող շվեդ քաղաքական գործիչ Գորան Լինդբլանի հեղինակած փաստաթղթին կոալիցիայի կուսակցությունները, անգամ ընդդիմադիր Դաշնակցությունը, իրենց իսկ խոստովանությամբ անլուրջ են վերաբերում, դրան առանձնապես նշանակություն չեն տալիս: Հիշեցնենք, որ մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր պատգամավորական հանձնաժողովի մեկուկես տարվա աշխատանքը չտվեց սպասվող արդյունքները: Թեեւ հանձնաժողովը հատուկ նշանակություն էր տալիս 10 զոհվածների մահվան հանգամանքների ուսումնասիրությանը, սակայն այդպես էլ չպատասխանեց այն հարցին, թե ում գործողությունները հանգեցրին 10 մարդու մահվան: Հիմա շատ հեշտ է ամեն ինչ բարդել օտարերկրացիների կանխակալ վերաբերմունքի եւ վարձկան լինելու վրա, արդբեջանա-թուրքական լոբբիի վրա, հայրենի արմատականների կողմից այդ լոբբիին օժանդակելու վրա: Այո, դրանք, իհարկե, իրական գործոններ են: Բայց դրանք չեն բացահայտում հարցի էությունը»:

«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը գրում է. - «Որքան սեղմվում է օղակը Իրանի շուրջ, այնքան հասկանալի են դառնում Ղարաբաղյան հակամարտության բորբոքման հավանականության մասին ամերիկա-իսրայելական վերջին կանխատեսումների քաղաքական շարժառիթները։ Միացյալ Նահանգները շտապում է Հարավային Կովկասի վրայով դեպի Միջին Ասիա տանող ճանապարհների բացման հարցում, ուստի նրա համար կարեւոր է ինչպես հայ-թուրքական, այնպես էլ Ղարաբաղյան թնջուկների կազմաքանդումը միաժամանակյա ու համակարգված ճնշումների միջոցով։ Իսկ պատերազմի հավանականության մասին կանխատեսումները կողմերի վրա ճնշում գործադրելու եղանակներից են։ Թուրքիայի արտգործնախարարի վերջին շտապողական «ցատկերը» վկայում են, որ Անկարան ամեն ինչ անում է իր Ղարաբաղյան նախապայմանը փրկելու համար։ Սակայն ԱՄՆ-ին հետաքրքրում է ոչ այնքան Ղարաբաղյան նախապայմանը, որքան հայ-թուրքական արձանագրությունների ճակատագիրը»։

«Իրավունքը de facto» թերթի հարցազրույցում դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը ասում է. - «Տարածաշրջանային զարգացումները թույլ են տալիս ենթադրել, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծումը գերտերությունների համար օրակարգային առաջին հարց չէ: Բացի այդ, երկու հասարակություններն էլ պատրաստ չեն կարգավորումը ընկալելու: Թե' Ադրբեջանում, թե' Ղարաբաղում, թե' Հայաստանում կա առավելագույնին հասնելու ձգտում, ոչ մի բանակցային գործընթաց չի կարող այդ մաքսիմում խնդիրը լուծել: Փոխադարձ զիջման քաղաքականությունը չի բավարարելու ոչ մի հասարակության, լուծումը կարող է լինել միայն պատերազմի միջոցով: Պատերազմի հավանականությունը հիմա շատ ավելի մեծ է, քան մինչեւ հայ-թուրքական նախաձեռնությունները: Այդ տեսանկյունից գերտերությունների խնդիրը լինելու է ոչ թե պարտադրել որեւէ լուծում՝ պատերազմական վիճակի առաջ կանգնեցնելով, այլ սառեցնել իրավիճակը, ապա բանակցությունների անցնել: Կարծում եմ՝ եթե պատերազմական գործողություններ չեն լինելու, կոնֆլիկտի լուծում մոտ ապագայում չի ակնկալվում»:

«Հրապարակ»-ը տեղեկացնում է, որ օրերս Մարտունի քաղաքի եւ կից Լիճք գյուղի կիսագողականների միջեւ տեղի է ունեցել մեծ բախում. - «Ականատեսի վկայությամբ՝ ռազբորկան աստիճանաբար ծավալվել է եւ այնքան աճել, որ ներկա գտնվող ոստիկանները անգամ ոչինչ չեն կարողացել ձեռնարկել: Ավելի քան 200 հոգի ներգրավվել է «թաթար-մոնղոլական» այս արշավանքում, ու տուր թե կտաս՝ հողին հավասարացնել թշնամուն պատկանող ամեն պատահածը: Թեեւ մարտի դաշտում հրազեն չի օգտագործվել, սակայն մահակներով «հերոսամարտն» էլ բավական է եղել, որպեսզի բազմաթիվ մարդիկ մարմնական վնասվածքներով տեղափոխվեն հիվանդանոց»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG