Մատչելիության հղումներ

Սարիբեկ Սուքիասյանն ազատ է արձակվել


Երկուշաբթի օրը, բերման ենթարկվելուց ավելի քան 72 ժամ անց ոստիկանության էրեբունիի բաժնից ազատ արձակվեցին «Սիլ» կոնցեռնի համասեփականատեր Սարիբեկ Սուքիասյանը եւ «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանը։ Նրանց նկատմամբ իբրեւ խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը։

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, փետրվարի 12-ին ոստիկանության է դիմել «Աուդիտ» ՍՊԸ տնօրեն Գոռ Դավթյանը եւ հայտնել, որ «Սիլ գրուպի» գրասենյակում իրեն սպառնացել են ու պարտադրել ստորագրել «Բյուրեղ» ՓԲԸ-ի բաժնեմասերի հետ կապված որոշ փաստաթղթեր: 2008 թվականի հոկտեմբերին Դավթյանը իրեն պատկանող «Բյուրեղ» ՓԲԸ-ի 41 տոկոս բաժնետոմսերը վաճառել է Սարիբեկ Սուքիասյանի կնոջը` Ասպրամ Տոնոյանին: 2009 թվականի նոյեմբեր ամսին վճռաբեկ դատարանի կողմից գործարքն անվավեր է ճանաչվել, ինչից հետո ՓԲԸ-ում հայտնվել է նոր բաժնետեր, ով ցանկություն է հայտնել գնել Գոռ Դավթյանին պատկանող բաժնեմասերը:

Ընդ որում, ըստ հաղորդագրության, Գոռ Դավթյանը ոստիկանությանը այդ մասին հաղորդում էր տվել փետրվարի 12-ին, ժամը 17։30-ին, այն դեպքում, երբ դրանից մեկուկես ժամ առաջ ոստիկաններն արդեն մտել էին «Սիլ» կոնցեռնի գրասենյակ, բերման ենթարկել Սուքիասյանին, Ստեփանյանին, ըստ որոշ տեղեկությունների` անգամ Գոռ Դավթյանին, որտեղ եւ նա տվել է այդ հայտարարությունը իր հասցեին հնչեցված սպառնալիքի մասին։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սայադ Շիրինյանը պարզաբանել է, որ Գոռ Դավթյանը նախ SMS հաղորդագրությամբ է ոստիկանությանը տեղեկացրել իր հասցեին ուղղված սպառնալիքի մասին։

Սուքիասյանի պաշտպաններից Արա Զոհրաբյանը, «անհիմն» է համարում Գոռ Դավթյանի մեղադրանքները ինչ-որ թուղթ ստորագրելու մասին, եւ նշում, որ գործը «սարքվել» է, եւ կապված է նախկինում Սուքիասյաններին պատկանող «Բջնի» ընկերության գործի հետ, որի նկատմամբ 2007 թվականից կատարված ստուգումների արդյունքում շուրջ 5.2 միլիարդ դրամի տուգանք սահմանվեց։ Այն բանից հետո, երբ ընկերությունը հրաժարվեց վճարել տուգանքները, ընկերություն նկատմամբ սնակության գործընթաց սկսվեց եւ «Բջնի» գործարանը աճուրդով վաճավեց գործարար, Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին։

Սարիբեկ Սուքիասյանի եւ Արտաշ Ստեփանյանի քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ Մինչ այդ, այս պատմության հետ կապված արդեն իսկ հնչում են քաղաքական գնահատականներ։

«Վարչախումբը շարունակում է ապավինել իր գոյատեւման միակ միջոցին՝ քաղաքական հալածանքներին, որոնց թիրախն են սովորական մարդկանցից սկսած՝ մինչեւ քաղաքական ու տնտեսական գործիչներ», - հայտարարել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը։

«Սիլ» կոնցեռնի ներկայացուցիչների պնդմամբ` Սուքիասյան ընտանիքին պատկանող կամ նրա հետ համագործակցող կազմակերպությունների նկատմամբ «հատուկ» ուշադրությունը եւ, ըստ իրենց` ապօրինի ստուգումները սկսվել են 2007 թվականի տարվա սեպտեմբերի 21-ից հետո, երբ Սուքիասյան եղբայրները իրենց զորակցությունը հայտնեցին նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG