Մատչելիության հղումներ

Ուրուգվայի նախկին դիկտատորը 30 տարվա ազատազրկման է դատապարտվել


Ուրուգվայի դատարանը նախկին նախագահ Խուան Մարիա Բորդաբերրին փետրվարի 10-ին մեղավոր է ճանաչել 1973 թվականի պետական հեղաշրջմանը մասնակցելու, Սահմանադրությունը խախտելու, 9-ը քաղաքացիների առեւանգմանը, 2 սպանության մասնակից լինելու մեջ, եւ դատապարտել է 30 տարվա ազատազրկման։

Դատախազ Անա-Մարիա Տելեչիան ասել է, որ դատավոր Մարիանա Մոտտան ընդունել է մեղադրող կողմի առաջարկը եւ Խուան Բորդաբերրիի համար հաստատել է Ուրուգվայում գործող ամենածանր պատիժը։

Բորդաբերրին 1971 թվականին միանգամայն դեմոկրատական եղանակով նախագահ է ընտրվել, սակայն հետագայում, բանակի լիդերների ճնշման տակ, լուծարել է խորհրդարանը։ Զինվորականները 1973-ին գործնականում ստանձնել են իշխանությունը։

Ուրուգվայում սկսվել է ռազմական դիկտատուրայի ժամանակաշրջանը, որը 12 տարի է տեւել։ Այդ ընթացքում կոպտորեն ոտնահարվել են հազարավոր մարդկանց տարրական իրավունքները։ 1976-ին զինվորականները պաշտոնանկ են արել Բորդաբերրիին։

2006 թվականին նախկին նախագահին ձերբակալել են, եւ այդ պահից նա, փաստորեն, գտնվել է տնային կալանքի պայմաններում։ 81-ամյա Բորդաբերրին եւ նրա արտգործնախարարը` Խուան Բլանկոն, քաղաքացիական միակ պաշտոնյաներն են, ովքեր դատապարտվել են դիկտատուրայի տարիներին երկրում տեղի ունեցած հանցագործությունների համար։

«Ասոշեյթեդ փրեսի» փոխանցմամբ, զինված ուժերի 10 անվանի լիդեր, այդ թվում՝ վերջին դիկտատոր Գրեգորիո Ալվարեսը նույնպես բանտում են։ Անցյալ տարվա հոկտեմբերին դատարանը հազարավոր մարդկանց առեւանգումներ կազմակերպելու եւ կտտանքների ենթարկելու մեղադրանքով 25 տարվա ազատազրկման է դատապարտել Ալվարեսին։

Դատարանները սկսել են մարդու իրավունքների ոտնահարման գործերով վճիռներ կայացնել այն բանից հետո, երբ 2005-ին Ուրուգվայի նախագահական ընտրություններում առաջին անգամ հաղթել է ձախակողմյան գործիչը` Տաբարե Վասկեսը։

Խուան Մարիա Բորդաբերրի որդին` Պեդրո Բորդաբերրին, անցյալ տարվա նոյեմբերին մասնակցել է Ուրուգվայի նախագահական ընտրություններին, սակայն հավաքած քվեներով երրորդ տեղն է գրավել։ Հաղթել է եւ այս տարվա մարտին պաշտոնը կստանձնի ձախակողմյան մեկ այլ լիդեր` Խոսե Մուխիկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG