Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Թուրքիային կոչ է անում «վճռականություն» հանդես բերել


Թուրքիա - Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը (ձ) ողջունում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Բուրսայում, 14-ը հոկտեմբերի, 2009թ.
Թուրքիա - Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը (ձ) ողջունում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Բուրսայում, 14-ը հոկտեմբերի, 2009թ.

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին հղած ուղերձում կոչ է արել հանդես բերել վճռականություն եւ արագացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների վավերացման գործընթացը:

Նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը իր ուղերձը հղել է փետրվարի 9-ին՝ Թուրքիայի օդային տարածքով Մեծ Բրիտանիա ուղեւորվելիս։ Հիշեցնելով, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու մեր նախաձեռնությունը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կիզակետում՝ նախագահ Սարգսյանը ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունների բարելավման գործում ներգրավված «բարեկամ պետությունները», որքան էլ շահագրգռված լինեն գործընթացի դրական հանգուցալուծման մեջ, չեն կարող անել այն, ինչ ի զորու են անել երկու ժողովուրդները:

«Հայ եւ թուրք ժողովուրդների` միմյանց հանդեպ ունեցած կարծրատիպը կոտրելու, փոխվստահության մթնոլորտ ձեւավորելու խնդրում հիմնական դերը վերապահված է իշխանություններին։ Միայն մեր գործի հանդեպ ունեցած հավատի, վճռականության եւ սկզբունքայնության շնորհիվ մենք կարող ենք հասնել արդյունքի», - ասել է Հայաստանի նախագահը եւ ընդգծել. - «Այլապես, երբ հակասում են գործն ու խոսքը, դա ծնում է անվստահություն եւ թերահավատություն` գործունեության լայն դաշտ բացելով գործընթացին դեմ ուժերի համար»:

Հայաստանի նախագահը նաեւ ակնարկել է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը պետք արագացնել՝ ասելով. - «Մենք պետք է գիտակցենք, որ ժամանակն այս դեպքում ոչ թե նպաստում է գործընթացին, այլ` իմաստազրկում այն»։

«Եթե մինչ այս պահը մեզ հաջողվել է երկկողմ շփումները բերել այնպիսի մակարդակի, որտեղից շատ ավելի տեսանելի ու շոշափելի է դառնում մեր երկրների միջեւ բնականոն հարաբերությունների կառուցման ապագան, ապա այսօր պահն է հանդես բերելու վճռականություն, կատարելու մեծ քայլ առաջ` ապագա սերունդներին ժառանգելով կայուն ու անվտանգ տարածաշրջան», - եզրափակել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում թուրք վերլուծաբան, «Ինսայթ» փորձագիտական կենտրոնի ավագ փորձագետ Օզյյուլ Էրդեմլին ասաց, թե, այն փաստը, որ վճռականություն հանդես բերելու եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ մեծ քայլ առաջ կատարելու հորդորն իր թուրք գործընկերոջն է հղում Սերժ Սարգսյանը, դեռ չի նշանակում, որ կարգավորման ու, մասնավորապես, հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցում հայկական կողմն ավելի շահագրգիռ է, քան թուրքական կողմը։Թուրք փորձագետը հավելեց, թե թուրքական կողմը եւս շահագրգիռ է այդ հարցում, ինչի վկայությունն է Թուրքիայի արտգործնախարարի մեծ ակտիվությունը։

Հարցին, թե իր կարծիքով ի՞նչ կերպ կարձագանքի այս ուղերձին նախագահ Գյուլը, փորձագետը արձագանքեց. - «Հավանաբար, նախագահ Գյուլի կողմից ինչ-որ պատասխան կլինի, սակայն այդ պատասխանը չի կարող շատ էական դիտվել։ Տվյալ դեպքում` առավել կարեւոր է, թե ինչ է ասում կամ անում Թուրքիայի վարչապետը»:

Ինչ վերաբերում է հայ թուրքական արձանագրությունների հետագա ճակատագրին, ապա էրդեմլին կարծում է, որ դրանք, ի վերջո, կվավերացվեն, սակայն ոչ ամենամոտ ապագայում. - «Դրա համար կպահանջվի առնվազն վեց ամիս, կամ նույնիսկ մեկ տարի»:

Մինչդեռ, ամերիկահայ քաղաքագետ, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե հայկական կողմն ուղղակի ստիպված էր նման մի ուղերձով հանդես գալ՝ քանի որ հարկ է վերջնականապես ճշգրտել իրավիճակն ու պարզել` ի վերջո որքանո՞վ է Թուրքիան անկեղծ մերձեցմանը միտված իր ձգտումներում ու գործողություններում։ Չէ՞ որ, ըստ Կիրակոսյանի, Թուրքիան շատ է ձգձգում գործընթացը, իսկ դա այլ կերպ, քան «ոչ խելամիտ վերաբերմունք», դժվար է բնորոշել:

«Հայկական կողմի համբերությունը, ի վերջո, սահման ունի, եւ գործընթացի ճակատագիրը ներկայումս 100 տոկոսով կախված է Թուրքիայի հետագա գործողություներից», - հավելեց Կիրակոսյանը:

Նրա համոզմամբ, Սերժ Սարգսյանի` նախագահ Գյուլին հղած այս ուղերձը, որոշ իմաստով կարելի է դիտարկել նաեւ Միացյալ Նահանգների առաջին փոխպետքարտուղարի` օրերս Երեւան կատարած այցի, ինչպես նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հնչեցրած վերջին պարզաբանումների տրամաբանության մեջ։ Ինչպես փոխպետքարտուղար Սթայնբերգը, այնպես էլ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը, հիշեցնենք, հայտարարել էին, թե Ղարաբաղյան կարգավորման եւ հայ-թուրքական մերձեցման գործընթացները փոխկապակցված չեն։

Փաստորեն, Ռիչարդ Կիրակոսյանի համոզմամբ, Թուրքիան ներկայումս բոլոր կողմերից հայտնվել է ճնշման տակ, իսկ Հայաստանն արդեն արել է այն, ինչ կարող էր անել. - «Ավելին անել Երեւանն արդեն չի կարող, ու դրա կարիքն էլ չկա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG