Մատչելիության հղումներ

Էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները սակագնի բարձրացման հայտ դեռեւս չեն ներկայացրել


Հրազդանի ՋԷԿ-ը:
Հրազդանի ՋԷԿ-ը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը, առայժմ էլեկտրաէներգիա արտադրող կայանները էլեկտրաէներգիայի գնի բարձրացման հայտ չեն ներկայացրել։

Հանձնաժողովը մինչեւ փետրվարի վերջը քննարկելու է Հայաստանում բնական գազի սակագնի բարձրացման վերաբերյալ «ՀայՌուսգազարդ» ընկերության ներկայացրած հայտը, որով առաջարկվում է բնակչության համար 1 խորանարդ մետր բնական գազի գինը թանկացնել 41 տոկոսով (136 դրամ` նախկին 96-ի փոխարեն)։ Իսկ խոշոր սպառողների համար գործող սակագինը նախատեսվում է ավելացնել մոտ 19 տոկոսով (256 դոլար` 215-ի փոխարեն)։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը ասաց, որ ընկերությունը չի պարտաստվում դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, քանի որ սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ իրենք «շահագրգռված չեն»:

«Մենք անցած տարի էլ էինք փորձում խուսափել [սակագնի բարձրացումից], այս տարի էլ ենք փորձելու խուսափել», - հավելեց նա:

Միեւնույն ժամանակ, ըստ Սարջանյանի, քանի որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը բաշխիչ ընկերություն է, եւ էլեկտրաէներգիայի մի մասը ստանում է գազով աշխատող ՋԷԿ-երից, ապա «չի կարելի բացառել, որ հետագայում սակագները կվերանայվեն»։

Ձեռնարկությունների համար գազի թանկացումը նաեւ էնթադրում է ՋԷԿ-երի կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում։ Այս կապակցությամբ «Հրազդանի ՋԷԿ» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Ալավերդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Եթե խաղի կանոնները ճիշտ դասավորված լինի… դա նշանակում է, այո, պետք է թանկանա էլեկտրաէներգիան՝ հատկապես գազով արտադրողները, որոնցից խոշորագույնը մենք են: Բայց քանի որ ինձ համար պարզ չեն խաղի կանոնները, ինչ-որ ավելի շատ քաղաքական որոշումներ են կայացվում, քան ինչ-որ հաշվարկներ, դրա համար ես չեմ կարող այդ հարցին պատասխանել՝ կթանկանա՞, թե՞ չի թանկանա: Մենք որեւէ հայտ չենք ներկայացրել»:

Այդուհանդերձ, նույնիսկ եթե ՋԷԿ-ի կողմից գազով արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը թանկանա, դա դեռ չի նշանակում, որ անպայման պետք է բարձրանա էլեկտրաէներգիայի ընդհանուր սակագինը, քանի որ, ըստ Ալավերդյանի, իրենք տալիս են Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի 15-20 տոկոսը միայն:

Նշենք, սակայն, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման համար Հայաստանում ամենեւին էլ անհրաժեշտ չէ ոլորտի ձեռնարկությունների հայտը։ Անցած տարի, օրինակ, նման իրավիճակում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու նախաձեռնությամբ հանդես եկավ հենց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

Հայաստանյան տնտեսագետներն ու փորձագետները համոզված են, որ գազի սակագնի բարձրացումը անխուսափելիորեն հանգեցնելու է գրեթե բոլոր ապրանքների եւ ծառայությունների թանկացմանը։

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանի պնդմամբ՝ «գնագոյացման լուրջ փոփոխություն է լինելու երկրում». - «Գազի գնի թանկացումը բերելու է ավտոմատ հոսանքի, ջրի եւ հիմնականում նաեւ տեղի արտադրանքի թանկացման… Մենք անցած տարի էլ առաջարկում էինք, որ պետությունը սուբսիդավորի գազի թանկացումը եւ դրանով կանխկի մնացած թանկացումները, որովհետեւ պետության եւ ժողովրդի վրա շատ ավելի թանկ է նստում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG