Մատչելիության հղումներ

Նախնական տվյալներով, Ուկրաինայի նախագահի ընտրություններում հաղթել է Վիկտոր Յանուկովիչը

Վիկտոր Յանուկովիչը ողջունում է իր կողմնակիցներին: 7-ը փետրվարի, 2010 թ.
Վիկտոր Յանուկովիչը ողջունում է իր կողմնակիցներին: 7-ը փետրվարի, 2010 թ.

Ռեգիոնների կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Վիկտոր Յանուկովիչը Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, նախնական տվյալներով, պարտության է մատնել «նարնջագույն հեղափոխության» առաջնորդներից մեկին՝ գործող վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին։

Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վոլոդիմիր Շապովալը հաղորդել է, որ, նախնական տվյալներով, երկրորդ փուլում ընտրողների 48.27 տոկոսը նախապատվությունը տվել է Վիկտոր Յանուկովիչին եւ 46.10 տոկոսը քվեարկել է հօգուտ Յուլիա Տիմոշենկոյի։ Յանուկովիչի առավելությունը մոտ 2.8 տոկոս է, ինչը կազում է մոտ 525 հազար քվե։

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) այսօր տարածել է պաշտոնական հաղորդագրություն, որի համաձայն՝ Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը «հիմնականում համապատասխանում է միջազգային չափանիշներին»։

«Ոմանք ասում են, թե «նարնջային հեղափոխությունը» ձախողվել է։ Ես ասում եմ ո'չ։ Շնորհիվ «նարնջագույն հեղափոխության», Ուկրաինայում դեմոկրատական ընտրությունները հնարավոր են դարձել», - ասել է ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ եւ կարճաժամկետ դիտորդական առաքելության համակարգող Մատիաս Եորշին։

«Կարծում եմ, որ մենք քայլ ենք արել մեր երկիրը միավորելու ուղղությամբ», - ասել է Վիկտոր Յանուկովիչը։

Իսկ Տիմոշենկոն, ով այս պահի դրությամբ դեռ չի ընդունել իր պարտությունը, ասել է. - «Համոզված եմ, որ եվրոպական, դեմոկրատական եւ հզոր Ուկրաինայի օգտին քվեարկած մարդկանց թիվն ավելին է, քան նրանց, ովքեր այդպիսի երկիր չեն ուզում տեսնել»։
This item is part of
XS
SM
MD
LG