Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարարը չի բացառում Նիկոլ Փաշինյանի պատժաժամկետի կրճատումը


Հայաստան - «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը իր գործով դատավճռի հրապարակման պահին, 19-ը հունվարի, 2010թ.
Հայաստան - «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը իր գործով դատավճռի հրապարակման պահին, 19-ը հունվարի, 2010թ.

Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն երկուշաբթի հերքել է մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, համաձայն որի Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուհայր Բել Հասենի հետ անցած շաբաթ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ինքը ասել է, թե Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կարող է համաներում կիրառվել, եւ որ հնարավոր է դեպքերի նոր զարգացում։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց նախարար Գեւորգ Դանիելյանի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը, նախարարի խոսքը մամուլում ճշգրիտ չի արտացոլվել։ Ըստ Մշեցյանի, Արդարադատության նախարարը բառացիորեն ասել է հետեւյալը. - «Համաներման կիրառում է համարվում ոչ միայն պատժից ազատելը, այլեւ նշանակված պատժի ժամկետը կրճատելը։ Վերջնական դատավճռի պարագայում պարզ կդառանա, թե կա՞ն արդյոք բավարար հիմքեր համաներում կիրառելու համար, եւ կոնկրետ ի՞նչ չափով պատիժը կարող է կրճատվել»։

Հունվարի 19-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ընդդիմադիր գործիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին մեղավոր ճանաչեց 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ եւ դատապարտեց 7 տարվա ազատազրկման։

Մեկնաբանելով Արդարադատության նախարարի խոսքերը՝ Նիկոլ Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ընդհանուր իրավասության դատարանը պարտավոր էր Նիկոլ Փաշինյանին արդարացնել, կամ, առնվազն, նրա նկատմամբ համաներում կիրառել։ Համաձայն համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշման՝ 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց պատժաչափի չկրած մասը կարող է կիսով չափ կրճատվել։ Փաստաբանի պնդմամբ, Փաշինյանի պատժի ժամկետը պետք է կրճատվեր եւ վերջնական պատիժ սահմանվեր 3.5 տարի, ինչը դատավորը չի արել, իսկ դա նշանակում է, որ կայացված դատական ակտը հակասում է օրենսդրությանը։

Նիկոլ Փաշինյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը պատրաստվում է մինչեւ փետրվարի 19-ը բողոք ներկայացնել Վերաքննիչ դատարան՝ վիճարկելով ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG