Մատչելիության հղումներ

Եվրո-2012. Հայաստանը եւ Ադրբեջանը տարբեր խմբերում են


Երեկ Վարշավայում` Լեհաստանի Մշակույթի եւ Գիտության պալատում տեղի է ունեցել ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական խմբերի կազմավորման վիճակահանությունը։ Եվրո-2012-ը համատեղ անցկացնելու են Լեհաստանը եւ Ուկրաինան։

Վիճակահանության նախօրեին Եվրոպայի ֆուտբոլի ֆեդերացիաների միությունը` ՈԻԵՖԱ-ն, վճռել է նախկին խորհրդային 4 երկրների` Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Վրաստանի հավաքականները չընդգրկել նույն խմբերում։

ՈԻԵՖԱ-ի ծրագիրն իրականացել է` Ադրբեջանը հայտնվել է «A» խմբում, իսկ Հայաստանը` «B» խմբում, որտեղ մեր հավաքականի մրցակիցներն են Ռուսաստանը, Սլովակիան, Իռլանդիան, Մակեդոնիան եւ Անդորան։ Առաջին 4 թիմերը շատ լուրջ մրցակիցներ են, եւ համեմատաբար դյուրին կարող են լինել միայն Անդորայի հետ խաղերը։

Ադրբեջանի թիմն ավելի ծանր վիճակում է, որովհետեւ մրցելու է Գերմանիայի, Թուրքիայի, Ավստրիայի, Բելգիայի եւ Ղազախստանի հետ։ Վրաստանի հավաքականը «F» խմբում մրցելու է Խորվաթիայի, Հունաստանի, Իսրայելի, Լատվիայի եւ Մալտայի հետ։

Եվրոպայի ներկայիս չեմպիոն Իսպանիայի հավաքականը վիճակահանությամբ հայտնվել է «I» խմբում։

Եվրո-2012-ի ուղեգիր վաստակելու համար պայքարող 51 հավաքականներն ընդգրկված են 9 խմբերում։ Ընտրական հանդիպումները սկսվելու են այս տարվա սեպտեմբերին եւ կավարտվեն 2011-ի նոյեմբերին։

Ռուսաստանի հավաքականի հոլանդացի մարզիչ Գուս Հիդինքը ափսոսանք է հայտնել նույն խմբերում որոշ թիմերի հայտնվելը կանխելու՝ ՈԻԵՖԱ-ի որոշման կապակցությամբ։

«Ես մարզիկ եմ եւ միշտ նեղվում եմ, երբ թիմերը տարանջատում են ոչ սպորտային պատճառով։ Գիտեք, ես ժամանակին աշխատել եմ Հարավային Կորեայում։ Հավատացեք, նրանք կերազեին Հյուսիսային Կորեայի հետ մրցելու մասին»,- ասել է Հիդինքը՝ հավելելով,- «Սպորտի օգնությամբ շատ բան գուցեեւ չեք նվաճի, բայց երբեմն սպորտը կարող է օգնել»։

Մինչդեռ, ՈԻԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին պաշտպանել է այդ որոշումը՝ ասելով, թե այն թելադրվել է հենց սպորտն ու քաղաքականությունը տարանջատելու անհրաժեշտությամբ։

«Ռոյթերզ» լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ 2008-ի ընտրական փուլում նույն խմբում ընդգրկված Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների հանդիպումները չեղյալ են հայտարարվել եւ երկու թիմերին պարտություն է գրանցվել, իսկ մեկ այլ խմբում ընդգրկված Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ այդ տարի տեղի է ունեցել կարճատեւ պատերազմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG