Մատչելիության հղումներ

Հայաստան-Թուրքիա առեւտրաշրջանառությունը միակողմանի է


Հայաստան -- Հայ-թուրքական փակ սահմանը
Հայաստան -- Հայ-թուրքական փակ սահմանը

Հայաստան-Թուրքիա ապրանքաշրջանառությունը հիմնականում միակողմանի է, քանի որ հայկական ապրանքների ներմուծումը Թուրքիայում արգելված է։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ուրբաթ օրը ասաց Հայ-թուրքական գործարար հարաբերությունների զարգացման խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի համակարգող Ալին Օզինյանը։

Անցած շաբաթ լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի ղեկավար Արայիկ Վարդանյանը հայտարարել էր, թե 2009 թվականին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 300 միլիոն դոլար, մինչդեռ, Հայ-թուրքական գործարար հարաբերությունների զարգացման խորհրդի համանախագահ Քահան Սոյակն այս կապակցությամբ թուրքական Today's Zaman թերթին տված հարցազրույցում իր զարմանքն էր հայտնել ու փոխանցել, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը չի գերազանցում 150 միլիոն դոլարը: Համաշխարհային բանկի տվյալներով էլ այդ գումարը չի գերազանցում 200 միլիոն դոլարը:

Մեկնաբանելով Քահան Սոյակի հայտարարությունը, Հայ-թուրքական գործարար հարաբերությունների զարգացման խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի համակարգողը, մասնավորապես, ասաց. - «Թուրքական պետության կողմից չի թույլատրվում, որ Հայաստանից ինչ-որ ապրանք բերվի Թուրքիա, առեւտուրը ընդամենը մեկ ուղղությամբ է զարգանում։ Հայաստանից ապրանք Թուրքիա մտնում է, երբ այստեղ աշխատող Հայաստանցի կանայք իրենց հետ բերում են մի քանի շիշ կոնյակ, կամ երշիկ, բայց դա մեծ տոկոս չի կազմում»։

Ալին Օզինյանի փոխանցմամբ, Թուրքական պետության կողմից հայկական ապրանքների ներմուծման վրա դրված արգելքը գործում է 1993 թվականից, երբ Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանը, որպես Ադրբեջանի հետ իր համերաշխության ապացույց։

«Պետականորեն դեռ քայլեր չեն արվում, ինչքան էլ որ կան զարգացումներ [հայ-թուրքական հարաբերություններում]», - նշեց Ալին Օզինյանը՝ հավելելով, որ կան որոշ խոսակցություններ Հայաստանից ինչ-ինչ ապրանքներ ներմուծելու վերաբերյալ. - «Գիտեմ, որ ցեմենտի շուրջ խոսակցություններ կան, ալյուրի շուրջ խոսակցություններ կան»։

Հայաստանի առեւտրաարդունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կրկին պնդեց, որ իր նշած գումարը համապատասխանում է իրականությանը։

«2009 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին արդեն 189 միլիոն դոլարի առեւտրաշրջանառություն է եղել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ։ Շատ հաճախ շատ դժվար է ասել, թե կոնկրետ ինչպիսի՞ հարաբերություններ են, որովհետեւ երբ ապրանքները Թուրքիայից գալիս են, իրենց փաստաթղթերում Հայաստանը որպես վերջնական կետ չի նշված։ Դրանք գալիս են Վրաստան եւ այնտեղ վերաձեւակերպվում։ Դրա համար շատ հաճախ այդ տարբերությունը վիճակագրական տվյալների մեջ լինում են», - պարզաբանեց Արայիկ Վարդանյանը։

Հայաստանի առեւտրաարդունաբերական պալատի գործադիր տնօրենի խոսքով, այդ առեւտրաշրջանառությունում մոտավորապես 2-3 միլիոնն է, որը Հայաստանն է արտահանում դեպի Թուրքիա։ Ընդ որում, Արայիկ Վարդանյանի խոսքով, Հայաստանից Թուրքիա ներմուծվում են հիմնականում որպես հումք ծառայող մետաղյա ապրանքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG