Մատչելիության հղումներ

«Ստրատֆոր» վերլուծական կենտրոնը չի բացառում, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է անկառավարելի բնույթ ստանալ


«Չի բացառվում, որ իրավիճակը Lեռնային Ղարաբաղում դուրս գա մեծ տերությունների վերհասկողությունից»,- համոզված են ամերիկյան «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնի փորձագետները։ Նրանց պնդմամբ իրավիճակի լարվածության հիմնական պատճառներից են երկու կողմերից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարությունները։

«Նախկինում այդպիսի հայտարարությունները հիմնականում Ադրբեջանից էին լսվում,այսօր արդեն Հայաստանում էլ չեն բացառում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը», - կարծիք են հայտնել ամերիկացի փորձագետները։

«Ստրատֆորի» եվրասիական տարածաշրջանի խնդիրներով զբաղվող վելուծաբան Մարկո Պապիչն ասում է. - «Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը մի օր կարող են հայտնաբերել, որ գործ ունեն այնպիսի հակամարտության հետ, որը դուրս է եկել իրենց վերահսկողությունից»։

Պապիչի խոսքով, այս երեք պետությունները ուժեղացնում են իրենց դիրքերը տարածաշրջանում, եւ նրանց հետագա գործակցության ճակատագիրը մեծապես կախված է հենց Lեռնային Ղարաբաղում ընթացող զարգացումներից։ «Ստարտֆորի» վերլուծաբանները նշում են, որ ղարաբաղյան բանակցությունների ճակատագրի վրա ազդող գործոնները մի քանիսն են. տարածաշրջանային գերտերություն դառնալու՝ Թուրքիայի ձգտումը, Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում, Իրանի եւ Հայաստանի պատմականորեն ձեւավորված դաշինքը։

«Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի Թուրքիան ներգրավվի անլուծելի թվացող ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում։ Այս ներգրավվածությունը վատնում է Թուրքիայի ժամանակն ու կարողություները մի տարածաշրջանում, որտեղ Ռուսաստանն իրեն շատ ապահով է զգում: Թուրքիայի ակտիվիությունը չի նշանակում, որ Ռուսաստանը կարող է կորցնել Ադրբեջանի եւ Հայաստանի վրա ունեցած ազդեցության լծակները։ Ավելին, Ադրբեջանը կարծես դանդաղորեն թեքվում է դեպի Ռուսաստանը՝ հայ-թուրքական բանակցությունների պատճառով իրեն դավաճանված զգալով»,- նշում է Պապիչը՝ չբացառելով, որ իրավիճակը տարածաշրջանում կարող է անկառավարելի բնույթ ստանալ:

«Իրադարձությունները կարող են նման կերպ զարգանալ ոչ այն պատճառով, որ Ռուսաստանը, Իրանը կամ Թուրքիան դրան են ձգտում։ Պարզապես գոյություն ունի հակամարտության ներքին դինամիկա։ Ստեղծված կացությունը կարող է շատ նման լինել 1914 թվականի Բոսնիայի իրադրությանը, երբ տեղական հակամարտությունը համաշխահային պատերազմի ծագման պատճառ դարձավ», - նշում է ամերիկացի վերլուծաբանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG