Մատչելիության հղումներ

Հունվարի 30-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Մեր երկիրը չի կարող չլինել Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի եւ ԵՄ-ի հետ «հարեւանության» ծրագրի անդամ: Մեր իշխանությունը գուցեեւ կցանկանար այդ բոլոր կառույցներն ուղարկել գրողի ծոցը, բայց դա կբերեր շատ ցավոտ, այդ թվում` նյութական ծանր հետեւանքներ: Մնում է եվրոպացիներին մի կերպ «յոլա տանել»` փորձելով ամեն անգամ ծույլիկ աշակերտի նման գտնել արդարացնող հանգամանքներ եւ ձեւ անել, թե իրականում դասը սովորել ես: Իսկ ով Ստրասբուրգում փորձում է ասել ճշմարտությունը, նա, բնականաբար, «ազգի դավաճան է» եւ «թուրքական լրտես»: Չէ՞ որ մենք փաստացի պատերազմի մեջ ենք Ադրբեջանի հետ: Հոյակա'պ արդարացում է: Մնում է միայն պատճառահետեւանքային կապ գտնել «փաստացի պատերազմի» եւ Երեւանի փողոցներում 10 հոգի սպանելու միջեւ»:

«Կապիտալ»-ին տված հարցազրույցում Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ասում է. - «Ըստ չճշտված տեղեկությունների` կա «Ժառանգությանը» խորհրդարանական կազմակերպությունների պատվիրակություններից դուրս թողնելու իջեցված հրահանգ, քանի որ փորձը ցույց է տվել, որ մենք շատ ավելի արդյունավետ ենք, քան իշխանության բոլոր ներկայացուցիչները` միասին վերցրած։ «Ժառանգությունը» երկու գրավոր դիմում է ուղարկել Հովիկ Աբրահամյանին` պահանջելով տրամադրել «Պատվիրակությունների հաստատման եւ գործառնության մասին» հաստատված կարգը։ Պահանջել ենք բացատրել, թե ի՞նչ պատճառաբանությամբ է, որ փոխարինող անդամները չեն մեկնել գործուղման։ Միակ բանը, որը «Ժառանգությունը» համարում է կորուստ, այն է, որ Փոստանջյանը չկարողացավ Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության եւ ԼՂՀ-ի վերաբերյալ ելույթներ ունենալ, քանի որ փոխարինող անդամ է։ Այս ամենի արդյունքում տուժեցին ոչ միայն «Ժառանգությունը», ԼՂՀ-ն եւ ՀՀ-ն, այլեւ հենց իրենք` իշխանությունները, քանի որ միայնակ մնացին ԵԽԽՎ-ում»։

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը հարցնում է. - «Ի՞նչն է պատճառը, որ ղարաբաղյան բանակցությունների ցանկացած փուլ Հայաստանում լրջագույն ներքաղաքական ցնցումներ է առաջացնում, իսկ Ադրբեջանում այդ ամենը որեւէ մեկին առանձնապես չի մտահոգում: Պատճառն ըստ երեւույթին հետեւյալն է: Ադրբեջանի իշխանությունները միշտ պաշտոնապես հայտարարում են այն, ինչը լիովին բավարարում է սեփական հասարակությանը: Այն է` ինչ ձեւով էլ խնդիրը լուծվի, Ղարաբաղը մնալու է Ադրբեջանի կազմում: Ադրբեջանի գերխնդիրը դա է, եւ այդ հարցում այդ երկրի իշխանությունները որեւէ տարաձայնություն չունեն սեփական ժողովրդի հետ: Իսկ ահա Հայաստանի դեպքում պատկերը բոլորովին այլ է: Մեր դեպքում իշխանությունները գերխնդիր են հռչակում Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ ցամաքային սահմանի առկայությունը, մինչդեռ հասարակությունն առաջնորդվում է «հող հանձնողը դավաճան է» կարգախոսով»:

«Հրապարակ»-ը իր խմբագրականում գրում է. - «Երբեմն մարդ սկսում է կասկածել սեփական մտավոր ընդունակություններին` գուցե ե՞ս եմ շատ մեծ բան պահանջում մեր քաղաքական դաշտից, գուցե անարդարացի՞ եմ, երբ քննադատում եմ եւ դժգոհում, թե մեր քաղաքական դաշտում վաղուց սերնդափոխության ժամանակն է: Բայց երբ սկսում ես ունկնդրել մեր քաղաքական գործիչների արտահայտած մտքերը, ապշահար ես լինում դրանց անմեղսունակությունից, մառազմից ու վտանգավորությունից: Երեկ, օրինակ, հայտնի քաղաքական գործիչներից մեկն առաջարկել է, որ Հայաստանը սկսի միջուկային զենք արտադրել: Իբր` հայ ժողովրդի անվտանգության նկատառումներից ելնելով: Մենք նույնիսկ մի երկու քաղբանտարկյալի գոյությունը չենք կարողանում մարսել, ատոմակայանն է մեր կոկորդում լռվել-մնացել` աշխարհը պահանջում է վերացնել այն, ուր մնաց թույլ տային միջուկային զենք ստեղծել»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Եթե նորից պատերազմ լինի, զորացրված տղաները կվերադառնա՞ն Ղարաբաղ՝ դիմագրավելու հակառակորդին։ Պատասխանելով այս հարցին, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը երեկ նշեց. - «Տարածաշրջանում խաղաղությունը պահպանվում է հայկական զինված ուժերի, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հզորացման հաշվին։ Այն, որ արդեն 16 տարի է` կարողանում ենք զսպել Ադրբեջանին, որպեսզի պատերազմ չսկսվի, միայն բանակի շնորհիվ է` դա ո'չ միջազգային կազմակերպությունների, ո'չ արտաքին ուժերի, ո'չ էլ առանձնապես Ադրբեջանի բարի ցանկության արդյունքը չէ։ Զորացրված տղաները պատրա՞ստ են վերադառնալ, թե՞ ոչ` վստահ եմ, նրանք, ովքեր ծառայել են Ղարաբաղում, բոլորը գալու են եւ կանգնելու են մեր կողքին։ Գիտեմ` ինչ ոգու տեր են, եւ համոզված եմ, որ մեզ մենակ չեն թողնի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG