Մատչելիության հղումներ

Հայաստանում մեկնաբանում են Ֆիլիպ Գորդոնի գնահատականները


Հայաստանի Սահմանադրական դատարանը հրապարակում է հայ - թուրքական արձանագրությունների վերաբերյալ որոշումը, 12-ը հունվարի, 2010
Հայաստանի Սահմանադրական դատարանը հրապարակում է հայ - թուրքական արձանագրությունների վերաբերյալ որոշումը, 12-ը հունվարի, 2010
Կիրո Մանոյան
Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը Հայաստանի նկատմամբ ճնշման փորձ է համարում Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնի
գնահատականները Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ:

«Այն, որ ինքը մեկնաբանում է Սահմանադրական դատարանի որոշումը, որ դատարանի վճիռը թույլ է տալիս արձանագրությունները այն տեսքով, ինչպես դրանք եղել են բանակցությունների եւ ստորագրման պահին, տանել խորհրդարան` վավերացման, դա, կարծում եմ, իր կողմից, իսկապես, ճնշման փորձ է, որը այս պայմաններում ընդունելի չէ Հայաստանի համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Կիրո Մանոյանը` հավելելով. - «Արտասահմանյան պետության ներկայացուցիչը փորձի ինչ-որ բանով մեզ դաս սովորեցնել` դա, կարծում եմ, ընդունելի չէ»:

Ֆիլիպ Գորդոնի գնահատականներին բավական կոշտ շեշտադրությամբ արձագանքել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Ըստ «Ասպարեզ» պարբերականի` նա, մասնավորապես, ասել է. - «Փոխպետքարտուղար Գորդոնը Հայաստանի ձեռքերը մշտապես ոլորելու, իսկ այս անգամ իր հրապարակային հայտարարությամբ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը սխալ մեկնաբանելու, ավելի ճիշտ` այն Պետդեպարտամենտի շահերի հանգույն մատուցելու փոխարեն, ավելի լավ կլիներ հայ ազգի անվտանգությանը, իրավունքներին եւ ապագային առնչվող որոշումները թողներ հայ ժողովրդին»:

Անցած շաբաթավերջին տարածած հայտարարությամբ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը խիստ
Լեւոն Զուրաբյան
քննադատության էր ենթարկել Հայ ազգային կոնգրեսը: «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի հայտարարությունը` Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը ասաց, որ իրենք մնում են նույն կարծիքին` «Սահմանադրական դատարանը տգետ որոշում կայացրեց` Թուրքիային առիթ տալով չվավերացնել արձանագրությունները»: «Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, անշուշտ, այդ երկիրը շահագրգիռ է արձանագրությունների վավերացման հարցում: Բայց մենք բազմիցս ասել ենք` ԱՄՆ-ն չի կարող ազդել Թուրքիայի վրա: Որոշում կայացնողը միայն Թուրքիան է», - ընդգծեց Զուրաբյանը:

Հայաստանի Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, իր հերթին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց. - «Սահմանադրական դատարանի որոշումը, մեր կարծիքով, շարունակում է մնալ ոչ իրավաչափ, ոչ օրինական, Սահմանադրությանը հակասող փաստաթուղթ: Այդ որոշումը ծուղակ է, եւ այդ ծուղակը օգտագործվում է: Ֆիլիպ Գորդոնը իր հայտարարությամբ գրեթե հասկացրել է, որ, ըստ էության, Հայաստանի իշխանությունների եւ ընդդիմության մի հատվածի համար արդեն իսկ այդ արձանագրությունների հետ կապված վիճելի հարցեր չկան, եւ նաեւ գիտակցելով, որ որեւէ վերապահում հայկական կողմից կամ
Ստյոպա Սաֆարյան
թուրքական կողմից կարող է առաջ բերել մյուս կողմի դժգոհությունը, ինչը եղավ Սահմանադրական դատարանի որոշումից հետո, հատկապես` թուրքական արձագանքների տեսքով, ես կարծում եմ` ուղերձը շատ հստակ է ասված. երկու կողմերը պետք է վավերացնեն արձանագրությունները այն տեսքով, ինչ տեսքով որ նախաստորագրել եւ ստորագրել են»:

«Այսինքն` ամերիկյան կողմը հստակ նշել է, որ այդ տեքստերին որեւէ բառի ավելացում չի լինելու, այսինքն` Հայաստանի իշխանությունները, ովքեր հույսեր էին փայփայում, թե վավերացումների միջոցով կարող են որոշակի երաշխիքներ ստեղծել առաջ չգնալու հարցում կամ առաջացնելու թուրքական կողմի զայրույթը, ես կարծում եմ, հերթական անգամ պետք է հիասթափություն ապրեն իրենց սխալ հաշվարկների պատճառով, քանի որ ե'ւ թուրքական, ե'ւ հայկական կողմերին, իմ կարծիքով, կպարտադրվի վավերացնել այն տեսքով, ինչ տեսքով որ դրանք այսօր կան», - հավելեց ընդդիմադիր պատգամավորը:

Հայաստանի Սահմանադրական դատարանը հունվարի 12-ի որոշմամբ Սահմանադրությանը չհակասող էր ճանաչել հայ - թուրքական արձանագրությունները, սակայն միաժամանակ ընդգծել էր, որ այդ փաստաթղթերի մեկնաբանությունը չի կարող հակասել Հայաստանի Անկախության հռչակագրին, որում նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը հետամուտ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։ Բացի այդ, Սահմանադրական դատարանը շեշտել էր, որ արձանագրությունները չեն առնչվում որեւէ երրորդ կողմի` հակառակ հայ - թուրքական հաշտեցման գործընթացը Ղարաբաղյան կարգավորման գործընթացի հետ կապելու Թուրքիայի փորձերի:

Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնը անցած շաբաթավերջին դրական է գնահատել Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG