Մատչելիության հղումներ

Դավութօղլու. «Թուրքիան բացատրություն է ակնկալում Հայաստանից»


Թուրքիան ակնկալում է, որ Հայաստանը բացատրություն կներկայացնի հայ - թուրքական արձանագրությունների առնչությամբ Սահմանադրական դատարանի կայացրած որոշման առնչությամբ: Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` Դավութօղլուն լրագրողների հետ զրույցում վերահաստատել է պաշտոնական Անկարայի դիրքորոշումը, ըստ որի` Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը «հակասում է արձանագրությունների տառին եւ ոգուն»:

«Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույցում ինձ ասաց, որ [ՍԴ-ի] որոշումը չի ազդում արձանագրություններում նախապես համաձայնեցված կետերի վրա: Սակայն մենք ակնկալում ենք ավելի պարզ պատկեր, բացատրություն այդ առնչությամբ», - ասել է Դավութօղլուն:

«Արձանագրությունների նպատակն է հավանություն տալ դրա բոլոր տարրերին իրենց ամբողջության մեջ` ներառյալ հանձնաժողովները», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը` ակնարկելով պատմական հարցերով ենթահանձնաժողովի ստեղծման վերաբերյալ արձանագրություններում ամրագրված դրույթը:

Նա հավելել է, որ հեռախոսազրույց է ունենալու Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Շվեյցարիայի արտգործնախարար Միշլին Քալմի-Ռեյի հետ եւ փոխանցելու է պաշտոնական Անկարայի մտահոգությունները գործընթացի առնչությամբ:

Դավութօղլուի այս հայտարարությունները հետեւել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի զգուշացմանը, թե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման ջանքերը կարող են ձախողվել, եթե թուրքական կողմը շարունակի խոչընդոտել գործընթացը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG