Մատչելիության հղումներ

Համանախագահները հանդիպեցին Ադրբեջանի ղեկավարության հետ


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիե, Յուրի Մերզլյակով եւ Ռոբերտ Բրադկե
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիե, Յուրի Մերզլյակով եւ Ռոբերտ Բրադկե

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Բեռնար Ֆասիեն, Յուրի Մերզլյակովը, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հինգշաբթի օրը հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Ադրբեջանական «ԱզերԹաջ» պետական լրատվական գործակալության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլի եւ հեռանկարների վերաբերյալ:

Միջնորդները չորեքշաբթի օրն էին Բաքու ժամանել Երեւանից, ուր հանդիպումներ էին ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, իսկ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն մի քանի օր առաջ էր ժամանել եւ այցելել էր նաեւ Ղարաբաղ:

Միջնորդները ասել էին, որ իրենց այցի նպատակը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը նախապատրաստելն է:

Հունվարի 25-ին Սոչիում անցկացվելու է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:

Իլհամ Ալիեւը Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ հունվարի 19-ին հարցազրույց է տվել Euronews-ին: Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` հարցազրույցում Ալիեւը անդարադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, բանակցությունների ընթացքին, հեռանկարներին, տարածաշրջանային եւ այլ խնդիրների:

Ադրբեջանական լրատվամիջոցները հավելում են, թե անցած նոյեմբերին Euronews-ը Ղարաբաղյան հակամարտության մասին «միակողմանի» հաղորդում էր հեռարձակել. Euronews-ի խումբը այցելել էր Ղարաբաղ ու հաղորդում պատրաստել: Դա դժգոհություն էր առաջացրել Ադրբեջանում, ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, թե Euronews-ը այցելել է «Ադրբեջանի գրավյալ տարածքներ», միակողմանի է ներկայացրել պատմությունը, իսկ Ադրբեջանի արտգործնախարարությունը պաշտոնապես բողոքի նոտա էր հղել Euronews-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG