Մատչելիության հղումներ

Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանը վերջապես կմեկնի Կիեւ


Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբով
Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբով
Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջին փուլի ավարտից երկու օր չանցած` ռուսաստանյան իշխանությունները կարծես փորձում են երկկողմ ոչ այնքան ջերմ հարաբերությունների կարգավորման ուղիներ գտնել: Երեքշաբթի երեկոյան հայտնի դարձավ, որ առաջիկա օրերին Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովը վերջապես կմեկնի Կիեւ:

Զուրաբովին այս պաշտոնում նշանակել էին դեռ հինգ ամիս առաջ: Վերլուծաբանների կարծիքով, սակայն, Մոսկվայում չէին շտապում` սպասելով ուկրաինական ընտրարշավի ավարտին:

«Ես հույս ունեմ, որ երբ ամփոփվեն ընտրությունների վերջնական արդյունքները, Ուկրաինայում կձեւավորվի արդյունավետ եւ իր գործառույթները հստակորեն իրականացնող կառավարություն: Հույս ունեմ նաեւ, որ այդ նոր իշխանությունը հակված կլինի Ռուսաստանի հետ գործնական, բարեկամական եւ համապարփակ հարաբերություններ հաստատել», - հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեքշաբթի օրը Միխայիլ Զուրաբովի հետ հանդիպման ժամանակ:

Քաղաքագետների կարծիքով` Ռուսաստանի այս քայլը նաեւ թափանցիկ ակնարկ է ընտրությունների երկրորդ փուլ դուրս եկած ուկրաինացի քաղաքական գործիչների համար: Այս կարծիքին է, մասնավորապես, ամերիկյան Heritage հիմնադրամի մոսկովյան գրասենյակի տնօրեն Եվգենի Վոլկը:

«Զուրաբովին Ուկրաինա դեսպան ուղարկելու հետ կապված այս ձգձգման հիմնական պատճառը այն բացասական վերաբերմունքն է, որ կա նախագահ Մեդվեդեւի մոտ իր ուկրաինացի պաշտոնակից Յուշչենկոյի հանդեպ: Այժմ արդեն, երբ ակնհայտ է, որ Յուշչենկոն կորցրել է նախագահ վերընտրվելու բոլոր շանսերը, Կրեմլը ազդակ է հղում Տիմոշենկոյին եւ Յանուկովիչին: Մոսկվան ուկրաինացի թեկնածուներին հասկացնում է, որ պատրաստ է նրանց հետ երկխոսության մեջ մտնել, համագործակցել` փոխարենը ակնկալելով, որ նրանք ըմբռնումով կմոտենան Ռուսաստանի շահերին Ուկրաինայում», - նշում է մոսկվացի քաղաքագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG