Մատչելիության հղումներ

Հունվարի 20-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Երեկ Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերությունն իր եթերում բողոքի ակցիա է անցկացրել` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի դատավճռի: Ժամը 21-ից 22-ը դադարեցվել են հաղորդումները, եւ եթերում «ստոպ կադրով» եղել է միայն Փաշինյանի լուսանկարը: ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանը երեկ մեզ փոխանցեց, որ բողոքի այդ ակցիան կրելու է պարբերական բնույթ, եւ «ստոպ կադրի» տակ վազող տողով նշվելու են բոլոր այն անձանց եւ կազմակերպությունների անունները, ովքեր կմիանան այդ ակցիային»:

«Առավոտ»-ը գրում է. - «Դատարանի երեկվա որոշման ամենաէական հետեւանքը կլինի հետեւյալը. այսուհետ իշխանությունը հնարավորություն կստանա հարձակվել մարդկանց ցանկացած խմբի վրա (ոչ միայն ընդդիմադիր զանգվածի, այլեւ, ասենք, ֆուտբոլից վերադարձող մարդկանց), ծեծել-ջարդել եւ նույնիսկ սպանել նրանց, իսկ հետո դատել իրենց չհավանած մարդկանց` «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» համար: Այդպես որ շարունակվի` մենք կդասվենք աշխարհի ամենաանազատ երկրների շարքին»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Ակնհայտ է, չէ՞, որ եթե իշխանությունները Հայ ազգային կոնգրեսի «հարցերը լուծված» համարեին, ընդամենը երեք տարվա ազատազրկման կդատապարտեին Նիկոլ Փաշինյանին եւ համաներմամբ ազատ կարձակեին հենց դատարանի դահլիճից: Եթե այդպես չեն վարվել, նշանակում է` դեռ լրջորեն վախենում են Հայ ազգային կոնգրեսից»:

«Հայք»-ի խմբագիրը գրում է. - «Երեկ դատավոր Մնացական Մարտիրոսյանը 7 տարվա ազատազրկման դատապարտեց լրագրող, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Հայաստանը շատ սիրող, երեք անչափահաս երեխաների հայր Նիկոլ Փաշինյանին: Դժվար է հավատալ, որ Մնացական Մարտիրոսյանի վրա ճնշումներ են գործադրել Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը: Նրանք միշտ էլ կրկնում են, որ չեն սիրում միջամտել դատական ատյանների գործերին: Իսկ Նիկոլ Փաշինյանը անչափ ծանր հանցագործ է, քանի որ սիրում է Հայաստանը եւ ցանկանում է, որ մեր երկրում վերականգնվի սահմանադրական կարգը: Հիշո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանի Կուկու մականունով թիկնապահին, որը զուգարանում «պատահաբար» սպանել էր Պողոս Պողոսյանին: Եթե հիշում եք, ապա կհիշեք նաեւ, որ նա ոչ մի օր չզրկվեց ազատությունից, իսկ դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրան դատապարտեց միայն երկու տարվա պայմանական ազատազրկման: Իսկ եթե Մնացական Մարտիրոսյանին կամ նրան «դուխ» տվողներին թվում է, որ եթե Նիկոլին, Արամ Բարեղամյանին, Աշոտ Մանուկյանին, Սասուն Միքայելյանին ազատությունից զրկելով վախեցնում են մյուսներին, ապա չարաչար սխալվում են: Սխալվում են, քանի որ ժողովուրդը անպայման կործանելու է Բաստիլը»:

7or ինտերնետային կայքում վերլուծաբան Ռուբեն Հակոբյանն ասում է. - «Կոռուպցիան իր գլխավոր ճակատամարտը տալիս է ընտրությունների ժամանակ' փորձելով առավելագույնս ապահովել իր ներկայությունը իշխանական բուրգում: Դա նրան հաջողվում է իրականացնել հիմնականում ընտրությունները կեղծելու միջոցով: Ինչ-ինչ, բայց պետք է խոստովանել, որ այս ոլորտում վերջին 15 տարիներին մեր իշխանությունները կարողացել են գրանցել բացարձակ հաջողություններ: Հունվարի 10-ին ԱԺ լրացուցիչ ընտրություններում կոռուպցիան տոնեց իր հերթական ջախջախիչ հաղթանակը: Ընդհանրապես, այս ընտրությունը եւս մեկ անգամ ցույց տվեց մեր հասարակության իրական բնութագիրը. ընտրության մասնակիցների ցածր ցուցանիշը հերթական անգամ արձանագրեց, որ ժողովուրդը այլեւս չի ուզում թույլ տալ թքել իր արժանապատվության վրա, նվաստացնել եւ ստորացնել իրեն: Ընտրողների մեծ մասը համոզված է, որ իր ձայնը բացարձակ կապ չունի ընտրությունների արդյունքների հետ»:

«Ժամանակ»-ը զրուցել է Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի անկախ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանի հետ: Հարցին, թե հնարավոր համարում է, որ Լեռնային Ղարաբաղ վերադառնա բանակցային սեղանի շուրջ, Բաղդասարյանը պատասխանել է. - «Առայժմ դրա նախանշանները չեմ տեսում: Միգուցե լավ է, որ այդպես է: Թող որպես գոնե տեսական շանս մնա այդ տարբերակը: Թեեւ մեր այսօրվա որակով այդ շանսն էլ քամուն տալը մեծ դժվարություն չի ներկայացնում իրենից: Ի վերջո, բանակցություններին մասնակցելը բանակցային սեղանի շուրջ նստելը չէ միայն: Դրան պիտի պատրաստ լինել: Պատրաստ լինելն էլ երեւում է ոչ միայն սեղանի շուրջ: Սեղանից անդին ոչ ոք մեզ չի խանգարում քաղաքականությամբ զբաղվել: Ցանկություն, հնարավորություն, կամք ու խելք է պետք: Եթե սրանք համալիր լինեն, ապա սեղանի շուրջ նստելը ոչ թե մեզ կհետաքրքրի, այլ սեղանի շուրջ այսօր նստածներին: Այսինքն՝ իրենց պրոբլեմը ու իրենց շահը կլինի մեզ սեղանի շուրջ բերելը»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Հունվարը, ինչպես հայտնի է, տնտեսության համար ամենալարված ամիսն է: Կոպիտ ասած՝ հունվարին տնտեսական կյանքը մեռնում է: Եվ դա իր պատճառներն ունի: Բյուջեի լարվածությունը հասնում է գագաթնակետին, եւ դժվարություններ են ստեղծվում անգամ թոշակներն ու նպաստները վճարելու հարցում: Հարկային մուտքերը քիչ են (մինչեւ Նոր տարի բոլորին ստիպում են «տարին փակել»), մաքսային վճարները՝ նույնպես (ո՞վ պիտի Նոր տարուց հետո մեծ ծավալներով ներմուծում իրականացնի), եւ մեծ հաշվով՝ մնում է միայն «փող հավաքելու» միայն մեկ կայուն աղբյուր՝ կոմունալ վճարումները: Հետեւաբար, իշխանությունները կարող են «փող ճարել» միայն այս ոլորտից... Մի խոսքով, այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի փոստատներում եւ բանկային բաժանմունքներում, միայն մի անվանում ունի՝ համակարգված թալան: Ընդ որում, այդ «գործընթացի» մեջ ներգրավված են բոլոր պետական եւ կիսապետական կառույցները: Իշխանություններին «վիզ» փող է պետք, եւ նրանք ոչնչի առջեւ կանգ չեն առնի»:

«Կապիտալ»-ը ներկայացնում է Անկարայի համալսարանի եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի մի հարցում, ըստ որի Հայաստանի հետ առանց նախապայմանի հարաբերությունների կողմ է թուրքերի ընդամենը 6 տոկոսը: «Անհրաժե՞շտ է արդյոք, որ Թուրքիայի խորհրդարանը վավերացնի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորող արձանագրությունները» հարցին 35 տոկոսը պատասխանել է «այո»: Հարցին դրական է պատասխանել նաեւ հարցվածների 28 տոկոսը, սակայն՝ վերապահումով, որ «հայկական ուժերը պետք է դուրս գան ադրբեջանական հողերից, իսկ Հայաստանը՝ հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից»: Հարցման արդյունքում պարզվել է, որ «Թուրքիայի թշնամիների» շարքը գլխավորում է ԱՄՆ-ը: Այնուհետեւ գալիս են Հայաստանը, Իսրայելը, Հունաստանը եւ Ֆրանսիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG