Մատչելիության հղումներ

Թուրքիան նախապայմաններ է տեսնում Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման մեջ


Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու
Երկուշաբթի օրը Թուրքիայի ատգործնախարարությունը քննադատության է ենթարկել հայ - թուրքական արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի հունվարի 12-ին կայացրած որոշումը: Հայաստանի արտգործնախարարը մտադիր է այդ հայտարարության կապակցությամբ իր «տարակուսանքը հայտնել թուրք գործընկերոջը»:

Թուրքիայի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրությունում ասված է, թե հիշյալ որոշումը պարունակում է նախապայմաններ եւ սահմանափակող դրույթներ, որոնք «վնաս են հասցնում արձանագրությունների տառին եւ ոգուն»:

«Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը վտանգում է այդ արձանագրությունների շուրջ ընթացող բանակցությունների բուն իմաստը, ինչպես նաեւ դրանց հիմնարար նպատակը: Այդ մոտեցումը չի կարող ընդունելի լինել թուրքական կողմի համար», - ասված է հաղորդագրությունում:

Հայտարարելով, թե «Թուրքիան, հավատարիմ իր միջազգային պարտավորություններին, շարունակում է նվիրված մնալ հայ - թուրքական արձանագրությունների հիմնական դրույթներին», պաշտոնական Անկարան «նույն նվիրվածությունն է ակնկալում Հայաստանի կառավարությունից»:

Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշմամբ գծվել էին իրավական այն սահմանները, որոնց շրջանակներում էլ, դատարանի գնահատմամբ, պետք է կյանքի կոչվեն հայ - թուրքական արձանագրությունները: Մասնավորապես, նշվել էր, թե արձանագրություններով ստանձնվող երկու կոնկրետ պարտավորությունները՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու ընդհանուր սահմանի բացումը, ունեն փոխպայմանավորված ելակետային նշանակություն: Արձանագրություններում ամրագրված մյուս բոլոր պարտավորությունները, ըստ Սահմանադրական դատարանի, միջազգային իրավական ուժ կարող են ունենալ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փաստացի սահմանի բաց լինելու եւ կոնկրետ դիվանագիտական հարաբերությունների առկայության դեպքում:

Որոշ փորձագետներ էական են դիտում ինչպես այս, այնպես էլ Սահմանադրական դատարանի որոշման հետեւյալ հատվածը. - «Արձանագրություններում տեղ գտած դրույթները չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այնպես, որ հակասեն Հայաստանի Սահմանադրության նախաբանի դրույթներին եւ Հայաստանի անկախության մասին հռչակագրի 11-րդ կետի պահանջներին»:

Անկախության մասին հռչակագիրը, մասնավորապես, արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը հետամուտ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, ու թեեւ Թուրքիայի արտգործնախարարությունը չի մանրամասնում, թե հատկապես որ դրույթներն է արձանագրությունների ոգուն անհամապատասխան գնահատում, ենթադրություններ կան, որ պաշտոնական Անկարայի արձագանքը, մասնավորապես, կարող է պայմանավորված լինել հենց վերը նշված հղումներով:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարարության արձագանքը` սահմանադրագետ Հրայր Թովմասյանը, մասնավորապես, ընդգծեց. - «Երեւի թե հայկական կողմի ուշացած արձագանքն է, որ Թուրքիան հիմա իրեն իրավունք է վերապահում նման բաների մասին հայտարարություն անել: Եվ պետք էր ավելի շուտ քայլեր անել` սկսած այն պահից, երբ արձանագրությունները ստորագրելուց հետո Թուրքիան սկսեց տարբեր ատյաններում բարձրաձայնել, որ սահմանը կբացվի կամ հարաբերությունները կզարգանան Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծումից հետո»:

«Գուցե թուրքական կողմին դուր չի եկել դատարանի այն մեկնաբանությունը, թե Արձանագրություններում ամրագրված պարտավորությունները միջազգային իրավական ուժ կարող են ունենալ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փաստացի սահմանի բաց լինելու դեպքո՞ւմ», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Թովմասյանը արձագանքեց. - «Անշուշտ, հիմարին էլ պարզ է, որ եթե սահմանները բաց չեն եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն, այս արձանագրությունները զրո կոպեկ նշանակություն ունեն, եւ մնացած ինչի շուրջ պայմանավորվել են` չեն կարող այդպիսի բաներ լինել»:

Սահմանադրագետի համոզմամբ` այսօրինակ պահվածքով Թուրքիան իրականում ինքն է խոչընդոտում արձանագրությունների վավերացման ու կարգավորման հետագա ընթացքին:

«Սա արդեն քաղաքական պրոցես է` այստեղ իրավական պրոցեսներ չկան», - ընդգծեց Հրայր Թովմասյանը:

Ավելի ուշ Հայաստանի արտգործնախարարությունը տարածեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությունը Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության կապակցությամբ:

«Ես մտադիր եմ կապվել իմ գործընկերոջ` պարոն Դավութoղլուի հետ` տարակուսանքս հայտնելու եւ պարզելու, թե ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մեջ թուրքական կողմը որտե՞ղ է տեսել նախապայմաններ եւ ինչո՞վ է այն հակասում արձանագրությունների հիմնարար նպատակին», - ասել է նախարարը՝ հավելելով. - «Հուսով եմ, որ նման հայտարարությամբ թուրքական կողմը չի փորձում արդարացնել իր կողմից նախապայմաններ առաջադրելու շարունակական փորձերը եւ քողարկել արձանագրությունների վավերացման գործընթացի անհարկի ձգձգումը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG