Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ավարտվում է նախընտրական քարոզարշավը


Ուկրաինա -- Կիեւի քաղաքապետարանի աշխատակիցը պատից պոկում է քարոզարշավի ցուցապաստառը, Կիեւ, 15-ը հունվարի, 2010թ.
Ուկրաինա -- Կիեւի քաղաքապետարանի աշխատակիցը պատից պոկում է քարոզարշավի ցուցապաստառը, Կիեւ, 15-ը հունվարի, 2010թ.

Ուկրաինայում նախագահական ընտրությունների քարոզարշավի վերջին օրը՝ հունվարի 15-ին, երկրի ղեկավարի պաշտոնին հավակնող 18 թեկնածուները շարունակում են քննադատել իրենց մրցակիցներին եւ նախընտրական վերջին խոստումները տալ ընտրողներին:

Գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոյի վարկանիշը բավական ցածր է։ Ամենաբարձր վարկանիշն ունեն գործող վարչապետ, արեւմտամետ թեկնածու Յուլիա Տիմոշենկոն եւ Ռեգիոնների կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ, ռուսամետ Վիկտոր Յանուկովիչը:

Փորձագետները նշում են, որ նախընտրական քարոզարշավում պակասում է կոնկրետությունը, ինչը կարել է տեսնել անգամ կարգախոսներում: Հիմնական թեկնածուներից Վիկտոր Յանուկովիչի կարգախոսն է՝ «Ուկրաինան մարդկանց համար», իսկ Տիմոշենկոյի կարգախոսը՝ «Ուկրաինան կհաղթի»:

Դեմ առ դեմ հեռուստատեսային բանավեճ ուկրաինացի ընտրողն այդպես էլ չտեսավ. Երեկ Ռեգիոնների կուսակցության ղեկավար Վիկտոր Յանուկովիչը հերթական անգամ մերժել է Յուլիա Տիմոշենկոյի հեռուստաբանավեճի առաջարկը:

Կիեւում տված մամլո ասուլիսում Տիմոշենկոն իր գլխավոր մրցակցի մասին ասել է. - «Մի խաբվեք Յանուկովիչի հագուստով, կոկիկ տեսքով։ Նա այն մարդը չէ, ում տեսնում եք հեռուստացույցի էկրանին։ Նա իրականում բոլորովին այլ մարդ է. թույլ է, ոչ գրագետ եւ բացարձակ անարժան։ Նա ներկայացնում է երկրի օլիգարխներին, նա հենց օլիգարխների երազած նախագահն է, նրանք ցանկանում են թույլ, ոչ գրագետ խամաճիկ առաջնորդ»։

Յանուկովիչի նախընտրական շտաբից հայտնել են, որ բանավիճելու առաջարկը մերժելու պատճառն այն է, որ իրենց առաջնորդը վարչապետի պես արտիստիկ ունակություններ չունի, եւ մտադիր չէ ճարտասանության մրցության մեջ մտնել Տիմոշենկոյի հետ:

2004 թվականի «նարնջագույն» հեղափոխությունից հետո Ուկրաինայում առաջին անգամ են նախագահական ընտրություններ անցկացվում։ Ուկրաինացիներից շատերը այս քվեարկությունն ընկալում են որպես մի փուլ, որից հետո երկիրը կթեքվի կամ դեպի Ռուսաստան կամ դեպի Արեւմուտք:

Ուկրաինացի ընտրողների մի մասն էլ համոզված է, որ երկրում վիճակը չի փոխվի՝ անկախ նրանից, թե ով կհաղթի առաջիկա ընտրություններում:

Փորձագետները համոզված են, որ առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից ոչ մեկը չի լինի հավաքի բավարար քվեներ, եւ Ուկրաինան իր հաջորդ նախագահին կընտրի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում, որտեղ, ամենայն հավանականությամբ, կհայտնվեն հենց Յանուկովիչն ու Տիմոշենկոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG