Մատչելիության հղումներ

Միջազգային օգնությունը Հայիթիին ուշանում է


Հայիթիում աճում են վրդովմունքն ու հիասթափությունը` կապված միջազգային օգնության ուշացման հետ: «Ռոյթերզ»-ը մեջբերում է ականատեսներից մեկի խոսքերը, ըստ որոնց` մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի մի քանի փողոցներում տեղի բնակիչներն ի նշան բողոքի դիակներից բարիկադներ են սարքել:

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալությունն էլ փոխանցում է, որ փրկարարների թիմերի ժամանումը եւ օգնության մատակարարումը Հայիթի դժվարանում է նաեւ այն պատճառով, որ երկրի գլխավոր օդանավակայանի թռիչքուղին վնասված է, չի գործում ինքնաթիռների թռիչքը վերահսկող աշտարակը եւ չի բավականացնում օդանավերի համար նախատեսված վառելիքը:

Միջազգային Կարմիր խաչի գնահատմամբ` երեքշաբթի օրը տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը կարող է հասնել 50 հազարի:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կոչ է արել հրավիրել հատուկ միջազգային համաժողով` աղետալի վիճակում հայտնված Հայիթիին օգնություն ցուցաբերելու նպատակով: Սարկոզին հայտարարել է, որ պաշտոնական Փարիզն արդեն իսկ աշխատում է Միացյալ Նահանգների, Կանադայի ու Բրազիլիայի հետ` միջազգային դոնորների համաժողով հրավիրելու ուղղությամբ, որը կօգնի վերականգնել երկրաշարժից տուժած Հայիթին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG