Մատչելիության հղումներ

Փաստաբաններին առաջադրված հոդվածը հակասահմանադրական ճանաչվեց


Հայաստանի Սահմանադրական դատարանը հինգշաբթի օրը հակասահմանադրական է ճանաչել Քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի առաջին մասը, որով մեղադրանք էր առաջադրվել 4 փաստաբանի՝ Մուշեղ Շուշանյանի, Դիանա Գրիգորյանի, Արա Զաքարյանի եւ Արթուր Գրիգորյանի նկատմամբ:

Քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածի առաջին մասով, որը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար նախատեսում է տուգանք կամ մինչեւ 3 ամիս կալանք, փաստաբանների դեմ քրեական հետապնդում էր սկսվել հետմարտիմեկյան գործերի հետ կապված:

Հոդվածի սահմանադրականությունը քննելու նպատակով Սահմանադրական դատարան հայց էր ներկայացրել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի առաջին մասի անորոշությունը պայմաններ է ստեղծում դրա կամայական մեկնաբանման եւ կիրառման համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր հայցը այսպես էր բացատրել օմբուդսմենը:

Սահմանադրական դատարան դիմելու հիմք էր դարձել նաեւ այն հանգամանքը, որ «վիճարկվող նորմի դիսպոզիցիայի կիրառմամբ մի շարք փաստաբանների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել` նրանց կողմից դատական նիստերի դահլիճը լքելու կապակցությամբ»: Մարդու իրավունքների պաշտպանը միջնորդել էր կասեցնել վիճարկվող նորմի գործողությունը: Այս խնդրի կապակցությամբ պաշտպանին դիմել էր նաեւ Հայաստանի փաստաբանների պալատի նախագահը:

«Մենք հույս ունեինք, որ հակասահմանադրական կճանաչի, սակայն նաեւ ակնկալում էինք, որ ինչ-ինչ ներազդեցություններ կլինեն Սահմանադրական դատարանի վրա, քանի որ փաստաբանների վրա ճնշում գործադրելու այս միտումը հենց այնպես չէր: Բայց, փաստորեն, Սահմանադրական դատարանն իր մեջ ուժ գտավ եւ հակասահմանադրական ճանաչեց այդ հոդվածը»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց փաստաբան Դիանա Գրիգորյանը:

«Քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածով փաստաբանների դեմ քրեական գործ հարուցելն ու մեղադրյալի աթոռին նստեցնելը փաստաբանի դերի նվաստացմանն ուղղված քայլ է, հարված փաստաբանության ինստիտուտին եւ փաստաբանի մասնագիտությանը», - ասում է Դիանա Գրիգորյանը` հավելելով, որ 4 փաստաբանների դեմ հարուցված քրեական գործերը «դատարանները արդեն ստիպված կլինեն արդեն կարճել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG