«Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյո՞ք Դաշնակցությունը այսօր ի զորու է իշխանափոխություն իրականացնել, Ռուստամյանը պատասխանեց, թե ի զորու կլինի, եթե լուրջ աջակցություն ունենա հասարակության կողմից, ինչի ուղղությամբ այժմ աշխատում է: Եվ հետո, ըստ նրա, Դաշնակցությունը իր ցանկացած քայլը կատարում է իր կուտակած ուժին համապատասխան:
«Իհարկե, եթե Հայաստանի ժողովուրդը, հասարակությունը նույնպես այդ մտահոգությունները չընդունի, մենք կմնանք մենակ: Բայց ես վստահ եմ, որ սա այն հարցն է, որ իշխանափոխության էությունը, բնույթը, նպատակները հասկանալով` ժողովուրդը կաջակցի այս գործընթացին եւ, այո, օր-օրի այդ քայլը կատարելը կլինի շատ ավելի հնարավոր, քան երեկ էր», - հայտարարեց Արմեն Ռուստամյանը:
Իսկ մինչեւ իշխանափոխության գործընթաց սկսելը Դաշնակցությունը նախ փորձելու է փոփոխություն կատարել Ազգային ժողովի կանոնակարգում եւ օրենսդրին վերապահումներ կատարելու հնարավորություն տալ, ինչից հետո համոզել պատգամավորներին` վերապահումներով վավերացնել արձանագրությունները: Եթե դա էլ չստացվի, ապա Դաշնակցությունը համոզելու է նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի վերջինս անձամբ այդ վերապահումներն անի եւ հետո արձանագրությունները ուղարկի Ազգային ժողովի վավերացմանը:
Ըստ Արմեն Ռուստամյանի, այդ մասին ասվում է նաեւ Սահմանադրական դատարանի` նախօրեին կայացրած որոշման մեջ. - «Հայաստանի Հանրապետության նախագահը ունի բոլոր հնարավորությունները` նկատի ունենալով Սահմանադրական դատարանի որոշումը եւ, մասնավորապես, [որոշման] 6-րդ հոդվածը, որտեղ հենց այս անհրաժեշտությունն է մատնանշում, ներդաշնակ դարձնել Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող քայլերը Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներին: Նախագահը, նկատի ունենալով Սահմանադրական դատարանի դիրքորոշումը, ինքը արդեն վերապահումներով ուղարկի Ազգային ժողով»:
Չորեքշաբթի օրը տարածած հայտարարության մեջ Դաշնակցությունը նշում է, որ թեեւ սահմանադրական ճանաչվեցին արձանագրություններում տեղ գտած դրույթները, սակայն Սահմանադրական դատարանն անդրադարձել է առկա հիմնական մտահոգություններին եւ բավարար հիմքեր է ստեղծել Հայաստանի կողմից համապատասխան վերապահումներ կատարելու համար:
«Մասնավորապես` Սահմանադրական դատարանը ամրագրել է, որ այս արձանագրություններն ունեն բացառապես երկկողմանի միջպետական բնույթ, եւ Հայաստանը չի կարող ստանձնել երրորդ երկրին վերաբերող որեւէ պարտավորություն», ինչը, ըստ Դաշնակցության, վերաբերում է Ղարաբաղի հարցին:
Բացի այդ, Դաշնակցությունը կարեւորում է դատարանի իրավական այն դիրքորոշումը, որ Հայաստանի կողմից ստանձնվելիք որեւէ պարտավորություն չի կարող հակասել Հայաստանի Սահմանադրության նախաբանի դրույթներին եւ Հայաստանի Անկախության հռչակագրի 11-րդ կետի պահանջներին, այսինքն` Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:
Եվ վերջապես, շեշտում է Դաշնակցությունը, Հայաստանի եւ Թուրքիայի միջպետական սահմանների իրավական ամրագրումը այս արձանագրություններով չի կարող տեղի ունենալ, սահմանների հարցը բաց է մնում, եւ այն կարող է լուծվել բացառապես Հայաստանի Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված, հետագայում քննարկվելիք առանձին միջպետական պայմանագրի միջոցով:
Դաշնակցության համոզմամբ` Սահմանադրական դատարանի որոշումը ապացուցում է, որ այս արձանագրությունները Հայաստանի արտգործնախարարի վատ աշխատանքի արդյունք է: Եվ ըստ կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի` Հայաստանի իշխանությունները պետք է օր առաջ աշխատանքից ազատեն արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
«Կարծում եմ, սրանից հետո առաջին քայլը, որ պիտի կատարեն իշխանությունները` հենց արտգործնախարարին պետք է ազատեն պաշտոնից: Էդպիսի ձախողում կարելի՞ է թույլ տալ դիվանագիտության մեջ», - հայտարարեց Ռուստամյանը: