Մատչելիության հղումներ

Gallup-ի հարցման արդյունքներով` հետխորհրդային տարածքում դոլարն անշեղորեն զիջում է դիրքերը


Հետխորհրդային տարածքում ամերիկյան դոլարն անշեղորեն զիջում է դիրքերը, - վկայում են 2009 թվականի ընթացքում նախկին խորհրդային բոլոր 15 երկրների բնակիչների շրջանում Gallup հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները:

Gallup-ի մասնագետների նպատակն էր պարզել, թե որքանով են այդ երկրների քաղաքացիները վստահում ազգային տարադրամներին: Պարզվել է, որ սեփական տարադրամի նկատմամբ վստահության առումով հետխորհրդային տարածքում առաջատարներն են Թուրքմենստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի բնակիչները:

«Խնայողությունների կուտակման համար ո՞ր տարադրամն է առավել հարմար եւ անվտանգ», - սոցիոլոգների այս հարցին ի պատասխան` հետազոտությանը մասնակցած թուրքմենստանցիների 79, ադրբեջանցիների 69 եւ հայաստանցիների 53 տոկոսը նշել են, թե կանխիկ խնայողությունները ավելի շահավետ է պահել տեղական տարադրամով, այլ ոչ թե դոլարով կամ նույնիսկ եվրոյով:

«Հետաքրքրական է, որ Հայաստանում եւ Ղազախստանում բնակչությունը շարունակում է վստահել ազգային արժույթին, թեեւ 2009-ի ողջ ընթացքում երկու պետություններում էլ տեղական տարադրամը արժեզրկվում էր», - գրում են Gallup-ի մասնագետները` հավելելով. - «Ամերիկյան դոլարի թուլությունն է, որ հետխորհրդային տարածքում որպես խնայողության միջոց առաջին պլան է մղում ազգային արժույթներն ու եվրոն: Այս առումով բացառություն են կազմում միայն Բելառուսը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը, որտեղ դոլարի նկատմամբ վստահության բավական բարձր մակարդակը պահպանվում է»:

Հարցման արդյունքների համաձայն` հայաստանցիների 18 տոկոսը առավել շահութաբեր եւ անվտանգ է համարում խնայողությունների կուտակումը եվրոյով, եւս 14 տոկոսը շարունակում է համոզված մնալ, որ կանխիկ խնայողությունների լավագույն ձեւը դոլար կուտակելն է:

Gallup-ի սոցիոլոգները նաեւ նշում են, որ 2009-ը կարելի է բնութագրել որպես նախկին խորհրդային հանրապետություններում եվրոյի հաղթարշավի տարի, ընդ որում, եվրոն մեծ տարածում է գտնում հատկապես նախկին խորհրդային այն պետություններում, որոնք սերտացնում են կապերը Եվրամիության հետ: Այսպես, Մոլդովայի բնակիչների 36 եւ Վրաստանի բնակիչների 38 տոկոսը նշել են, որ գերադասում են խնայողություններն անել եվրոյով:

Եվրոն առաջատար դիրքեր է գրավել նաեւ Եվրամիության անդամ հանդիսացող Բալթյան պետություններում: Այստեղ, հարցման արդյունքների համաձայն, բնակիչների մեծ մասի համար եվրոն արդեն իսկ թիվ մեկ տարադրամն է:

Էստոնիան եվրոյի գոտուն կանդամակցի եկող տարի, իսկ Լատվիան եւ Լիտվան` 2013-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG