Մատչելիության հղումներ

Երեւանի 10-րդ ընտրատարածքում անցկացվեցին Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններ


Հայաստան -- Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններ, 10-ը հունվարի, 2010թ.
Հայաստան -- Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններ, 10-ը հունվարի, 2010թ.

Հունվարի 10-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում կայացան Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններ։ Պատգամավորական մանդատի համար պայքարում են Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը։ ԼՐԱՑՎԱԾ

Ընտրությունները յուրահատուկ են այն պատճառով, որ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ընտրություններին մասնակցող թեկնածուն՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը գտնվում է անազատության մեջ: Նա կալանքի տակ է 2009 թվականի հուլիսի 1-ից՝ 2007-2008 թվականներին «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» եւ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» մեղադրանքներով, եւ իր նախընտրական քարոզչությունն իրականացրել է կալանավայրից։

Դեկտեմբերի վերջին Փաշինյանի նախընտրական շտաբի ակտիվիստների վրա հարձակում էր կատարվել, որի արդյունքում խոչընդոտվել էր հօգուտ ընդդիմադիր գործչի իրականացվող քարոզչությունը։

Ընդդիմությունը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են հօգուտ Արա Սիմոնյանի ընտրակեղծիքներ իրականացնել։ «Ազգային միաբանության» թեկնածուն, սակայն, հայտարարում է, որ ընտրություններում կեղծիքներ թույլ չի տա, իսկ իշխող կուսակցությունը իրեն չի սատարում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, առավոտյան 8։00-ից մեկնարկած քվեարկությունում դիտորդական առաքելություն կիրականացնեն տեղական 10 կազմակերպությունների 361 դիտորդներ։

Ընտրություններում մեկ այլ թեկնածու՝ Դավիթ Հակոբյանը, ընդհանրապես հրաժարվել էր ընտրարշավ իրականացնել, պատճառաբանելով, որ միջոցներ չունի եւ ժողովուրդը իրեն առանց այն էլ շատ լավ ճանաչում է։

Թիվ 10 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորական մանդատը թափուր է մնացել խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի մանդատը վայր դնելուց հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG