Մատչելիության հղումներ

«Լրագրողներ առանց սահմանների». «Իրանը աշխարհի ամենամեծ բանտն է լրագրողների համար»


«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության լոգոն` իրանական թերթերի ֆոնին
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության լոգոն` իրանական թերթերի ֆոնին

Իրանը աշխարհի ամենամեծ բանտն է լրագրողների համար՝ ճաղերի հետեւում գտնվող 42 լրագրողներով,- ասված է Փարիզում գործող «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տարածած վերջին հաղորդագրությունում:

Հունվարի 4-ին հրապարակվեց վիճարկման արդյունքում անփոփոխ թողնված հերթական դատավճիռը. իրանցի լրագրող Ահմադ Զեյդաբադին, ով 2009 թվականին արժանացել է «Ազատության ոսկե գրիչ» մրցանակին, դատապարտվեց 6 տարվա ազատազրկման:

Նույն օրը Թեհրանի դատարանը մեկ այլ լրագրողի՝ Բահաման Ահամադի Ամոիին դատապարտեց 34 մտրակի հարվածի եւ 7 տարի 4 ամիս ազատազրման:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը իր մտահոգությունն է հայտնում նախագահ Մահմուդ Ահմադինեջադին սատարող 36 խորհրդարանականների՝ հունվարի 4-ին ներկայացրած օրինագծի վերաբերյալ, որի համաձայն՝ ձերբակալված ընդդիմադիր գործիչները համարվելու են «մոհարեբ»` «Աստծո թշնամիներ», եւ մահապատժի են ենթարկվելու իրենց բանտարկության առավելագույնը 5-րդ տարում:

«Մենք չափազանց անհանգստացած ենք Իրանից ստացվող լուրերով, Իրանի բարձրաստիճան այրերը կարող են ընդունել այդ օրինագիծն ու խստագույն պատիժ կիրառել ձերբակալվածների նկատմամբ, այդ թվում եւ՝ լրագրողների: Շտապ անհրաժեշտություն կա, որպեսզի միջազգային կառույցները գործողություններ ձեռնարկեն, քանի դեռ ողբերգություն տեղի չի ունեցել, քանի դեռ քաղաքական բանտարկյալները մահապատժի չեն ենթարկվել Իրանում», - ընդգծում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը:

Կազմակերպությունը ահազանգում է նաեւ, որ Իրանում դեկտեմբերի 27-ի բողոքի ակցիաներից հետո շարունակվում են ընդդիմադիր հայացքների տեր անձանց, լրագրողների ձերբակալությունները: Ձերբակալության վերջին ալիքի ընթացքում բանտարկված շուրջ 20 անձանց կեսից ավելին, ըստ կազմակերպության հաշվարկների, լրագրողներ եւ «կիբեռ-դիսիդենտներ» են:

Լրագրողների հարազատները շարունակում են Էվին բանտի դիմաց սպասել՝ հույս ունենալով որեւէ տեղեկություն ստանալ նրանց մասին, ովքեր, հնարավոր է, գտնվում են այդ բանտում, - ահազանգում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը:
XS
SM
MD
LG