Մատչելիության հղումներ

«Նյու Յորք Թայմսը»՝ հայկական արմատները վերագտած թուրքերի մասին


Ֆեթիե Չեթին
Ֆեթիե Չեթին
«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունները, որոնք դեռեւս պետք է վավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից, կարող են հեռահար հետեւանքներ ունենալ», - չորեքշաբթի գրել է «Նյու Յորք Թայմս» պարբերականը եւ մանրամասնել, - «դրանք կարող են օգնել փակուղում հայտնված Հայաստանին՝ դուրս գալ տնտեսական մեկուսացումից եւ նոր թափ հաղորդել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացին, որտեղ ցեղասպանության հարցը առանցքային խոչընդոտ է համարվում»։

«Արձանագրությունները նաեւ կարող են օգնել կողմերին՝ հաղթահարել փոխադարձ մեղադրանքները», - հեղինակավոր պարբերականին ասել է հայտնի թուրք իրավապաշտպան, Հրանտ Դինքի փաստաբան Ֆեթիե Չեթինը, ով ուսանող տարիներին է միայն բացահայտել իր հայկական ծագումն ու ջարդերից փրկված, թուրք զինվորականներից մեկի կողմից որդեգրված տատի՝ Հերանուշի 60 տարի շարունակ խնամքով թաքցրած պատմությունը։

«60 ամյա գաղտնիքից արմատախիլ եղած տոհմածառը». այսպես է վերնագրել հոդվածը «Նյու Յորք Թայմսը»: «Հետագայում Չեթինը պարզել է, որ իր տատը մեկն է եղել այն հազարավոր հայ երեխաներից, որոնց թուրքերը որդեգրել են 1915-18 թվականների ցեղասպանության ընթացքում, մինչդեռ նրա ծնողները, եղեռնից մազապուրծ, Միացյալ Նահանգներ են հասել ու փորձել նոր կյանք սկսել», - գրում է թերթը:

«Տատիս պատմությունը բացահայտելուց հետո ես տեւական ժամանակ շոկի մեջ էի. թուրքական դասագրքերում բառ անգամ չկար հայերի կոտորածների մասին, դա ջնջվել էր թուրքերի հավաքական հիշողությունից, մինչդեռ տատս եւ նրա նմանները իրենց մեջ խորը թաղել ու լռության էին մատնել հայկական ինքնությունն ու ապրած սարսափները», - ասել է Չեթինը` հավելելով. - «Հայկական հարցը Թուրքիայում տաբու է, ինչպես տարիներ առաջ, այնպես էլ հիմա։ Ինձ ցավ էր պատճառում այն հանգամանքը, որ աշխարհի անարդարությունից ու այն ավելի լավը դարձնելու անհրաժեշտությունից բարձագոչ խոսող մարդիկ հայկական հարցի մասին միայն շշուկով էին արտահայտվում»։

«Թուրքիան պետք է դեմ հանդիման կանգնի եւ հաշտվի իր անցյալի հետ, բայց մինչեւ այդ, անհրաժեշտ է, որ մարդիկ իմանան` ում հետ են հաշտվում», - ասել է Ֆեթիե Չեթինը եւ ընդգծել, - «Մենք պետք է բացենք սահմանները՝ երկխոսություն սկսելու համար»։

«Հայկական ծագում ունեցող թուրք իրավապաշտպանի համոզմամբ, այժմ եկել է այն վճռորոշ պահը, երբ Թուրքիան եւ Հայաստանը կարող են վերջապես դեմ հանդիման կանգնել անցյալի ուրվականներին եւ հաղթահարել աշխարհի երկարատեւ ու խորը թշնամանքներից մեկը», - գրել է «Նյու Յորք Թայմսը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG