Մատչելիության հղումներ

Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Ծնունդը


Հունվարի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ տոնախմբվեց Հայ Առաքելական եկեղեցու կարեւորագույն տոներից մեկը՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնը։ Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագ մատուցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

«Մեր հոգիներն այսօր ցնծում են Սուրբ Ծննդյան ավետիսով եւ լի են օրհներգությամբ՝ ընդունելու խանձարուրով փաթաթված եւ մսուրի մեջ դրված մանկանը, որ ծնվեց Բեթղեհեմում։ Աստծո որդին է, որ մարմնացավ, խոստացյալ Փրկիչն է, որ աշխարհ եկավ։ Եկավ՝ փրկելու մեզ մեղքից, ազատելու չարի իշխանությունից», - Հայրապետական իր խոսքում, մեկնաբանելով Սուրբ Ծննդյան խորհուրդը, ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագի սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Կառավարության անդամներ, օտարերկրյա դիվանագետներ, գիտության եւ մշակույթի գործիչներ։

Առաքելական եկեղեցու կարեւորագույն այս տոնի առթիվ պատարագ են մատուցում նաեւ աշխարհով մեկ սփռված հայկական բոլոր առաքելական եկեղեցիները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG