Մատչելիության հղումներ

Վրաստանի ընդդիմությունը ՄԱԿ-ին խնդրում է հսկողության տակ պահել երկրում անցկացվող ընտրությունները


Վրաստանի շուրջ երկու տասնյակ ընդդիմադիր կուսակցություններ դիմում են հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին եւ խնդրել հսկողության տակ պահել երկրում անցկացվող բոլոր ընտրությունները։

«Վրաստանում չկա ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ քաղաքական ու ընտրական միջավայր, այդ իսկ պատճառով, ընտրությունները պետք է անցնեն ՄԱԿ-ի հսկողության տակ», - գրել են ընդդիմադիրները։

Լեյբորիստական կուսակցության առաջնորդի խոսքով` դիմումը ուղարկվել է նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին եւ Անվտանգության խորհրդի անդամներին։

Նամակի տակ ստորագրել են Վրաստանի առաջատար ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները, այդ թվում՝ «Ժողովրդավարական շարժում - Միացյալ Վրաստան» կուսակցության առաջնորդ, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն եւ «Հանուն արդար Վրաստանի» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Զուրաբ Նողաիդելին։

Իր հերթին, Վրաստանի կառավարությունը դիմում է հղել Եվրամիության ղեկավարությանը՝ խնդրելով վաղօրոք դիտորդներ գործուղել Վրաստան՝ մայիսին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դիտարկելու համար։

«Վրաստանի իշխանությունները չեն ուզում ներքին եւ արտաքին ընդդիմախոսներին հնարավորություն ընձեռել՝ ընտրությունների թեման շահարկելու եւ երկրում վիճակը ապակայունացնելու համար, այդ իսկ պատճառով դիմում են եվրոպական կառույցներին՝ վաղաժամ դիտորդներ ուղարկելու խնդրանքով», - հայտարարել է Վրաստանի եվրոպական ինտեգրացման հարցերով պետնախարար Գեորգի Բարամիձեն։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG