Մատչելիության հղումներ

Ահմեդ Դավութօղլու. «Թուրքիան առավել հզոր արտաքին քաղաքականության կարիք ունի»


Ահմեդ Դավութօղլու
Ահմեդ Դավութօղլու

Թուրքիան նոր եւ առավել հզոր արտաքին քաղաքականության կարիք ունի, - երկուշաբթի օրը Անկարայում` թուրք դիվանագետների ամենամյա գագաթնաժողովում հայտարարել է երկրի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։

Ընդգծելով, որ թուրքական դիվանագիտությունը հսկայական պատմական փորձառություն է անցել, որը կարող է համեմատվել ընդամենը հինգ կամ վեց երկրի հետ, արտգործնախարարը միաժամանակ նշել է. - «Ժամանակակից աշխարհում ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ, որոնց մենք պետք է կարողանանք դիմակայել»։

«Այժմ նոր աշխարհաքաղաքական միջավայր է ձեւավորվում` իր նոր պահանջներով, եւ մենք պետք է զարգացնենք նոր եւ ռազմավարական հայեցակարգ՝ այդ պահանջներին բավարարելու համար», - ըստ «Անադոլու նյուս» գործակալության, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը թուրք դիվանագետների գագաթնաժողովում։

Ժողովրդավարությանը, կայունությանն ու խաղաղությանը նվիրված այդ համաժողովին մասնակցելու համար հայրենիք են ժամանել Թուրքիայի դեսպանները աշխարհի շուրջ 200 երկրներից:

«Այս տարվա՝ 2010 թվականի ընթացքում Թուրքիան եւս 26 դիվանագիտական առաքելություն է բացելու աշխարհում, ինչն է'լ ավելի կակտիվացնի երկրի արտաքին քաղաքականությունը», - հայտարարել է Դավութօղլուն՝ առանց մանրամասնելու, թե որ երկրներում են բացվելու նոր դիվանագիտական առաքելությունները։

«Թուրքիան մի երկիր է, որը 2023 թվականին դառնալու է Եվրամիության անդամ, այժմ արդեն դասվում է աշխարհի՝ տնտեսապես առավել զարգացած տասը երկրների շարքում, եւ որ ամենակարեւորն է՝ երկիր է, որն իր ուրույն ներդրումն ունի համաշխարհային մշակույթի եւ աշխարհաքաղաքական խնդրիների լուծման մեջ», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարն ու դիմելով դեսպաններին` ընդգծել. - «Մենք պետք է հենց այդ երկրին համապատասխանող արտաքին քաղաքականություն մշակենք եւ իրականացնենք»։

Իր ծրագրային ելույթում Դավութօղլուն եւս մեկ անգամ նշել է, որ այս տարվա ընթացքում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը աշխատելու է սերտացնել հարաբերությունները հարեւանների հետ, արագացնել Եվրամիությանը անդամակցելու գործընթացը, ինչպես նաեւ նպաստել Կովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը։

Սոցիոլոգիական հարցումների համաձայն, Թուրքիայի քաղաքացիների մեծամասնությունը սատարում է երկրի արտաքին քաղաքականության այդ ուղղությունը։ Միջազգային Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի վերջին ուսումնասիրության համաձայն, մասնավորապես, հարցվածների գրեթե 59 տոկոսը ճիշտ է համարում հարեւանների հետ հարաբերությունները սերտացնելու քաղաքականությունը, 9 տոկոսը` դեմ է արտահայտվում։ Թուրքիայի ամենահավատարիմ դաշնակիցների թվում հարցման մասնակիցները առաջին հերթին մատնանշել են Ադրբեջանը, երկրորդ տեղում՝Բոսնիա եւ Հերցեգովինան, երրորդում՝ Միացյալ Նահանգները։ Եվրոպական ընտանիքը դաշնակից է համարել թուրքերի ընդամենը 3 տոկոսը, մինչդեռ գրեթե 40 տոկոսը պնդել է, թե երկիրը հավատարիմ դաշնակից չունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG