Մատչելիության հղումներ

Ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնելու դեկտեմբերի 25-ից հունվարի 14-ը


Նախորդ տարվա համեմատ, 2009 թվականին Հայաստանում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է 9 տոկոսով, իսկ պատահարների զոհերի թիվը՝ 20 տոկոսով։

Երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը ամփոփելով անցած տարին՝ Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Մարգար Օհանյանը տեղեկացրեց, որ, եթե 2008 թվականին գրանցված 2178 ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհվել են 406 քաղաքացիներ, վնասվածք են ստացել 3082-ը, ապա այս տարվա հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է պատահարների 1978 դեպք, որոնց հետեւանքով զոհվել են 324 քաղաքացիներ, վիրավորվել՝ 2724 մարդ։

Մարգար Օհանյանի խոսքով, պատահարների թվի նվազմանը նպաստել է վարչական տույժերի խստացումը։

«Ճանապարհային ոստիկանության ամենօրյա աշխատանքի արդյունք է», - հայտարարեց նա։

Այդուհանդերձ, Ճանապարհային ոստիկանության պետը հեռու է այն մտքից, որ պետավտոտեսուչները միշտ փայլում են իրենց գերազանց վարքով եւ օրինապահությամբ։

«Մեր բացթողումները մենք էլ ենք նկատել, ներկայացրել ենք ոստիկանապետին», - նշեց Օհանյանը։ Արդյունքում՝ աշխատանքից ազատվել են պետավտոտեսչության 30 աշխատակիցներ, 75-ի նկատմամբ կիրառվել են տարբեր աստիճանի տույժեր։

Ճանապարհային ոստիկանության մեքենաների աշխատանքը վերահսկելու համար օգտագործվում է համաշխարհային արբանյակային նավիգացիոն GPS համակարգը։ Օհանյանի խոսքով. - «Ամենօրյա հսկողության տակ է ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կատարած աշխատանքը։ Արդեն իսկ գործում է GPS համակարգը։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր ճանապարհային ոստիկանության մեքենայի շարժը GPS համակարգով մենք կարողանում ենք վերահսկել»։

Ամանորյա տոների հետ կապված ճանապարհային ոստիկանությունը երկրի ողջ տարածքում ուժեղացված ծառայություն է իրականացնելու դեկտեմբերի 25-ից հունվարի 14-ը։

«Եթե լինեն այնպիսի խախտումներ, որոնք վթարածին չեն, որոնք ուրիշ քաղաքացիների կյանքին եւ առողջության վտանգ չեն սպառնում, միգուցե տեսուչները մոտենան բարի կամքով, ներելով», - խոստացավ գնդապետ Օհանյանը՝ միաժամանակ զգուշացնելով, որ կոպիտ խախտումների, հարբած վարելու, արագության գերազանցման դեպքում տեսուչները զիջումների չեն գնա՝ «պատժվելու է ամենախիստ ձեւով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG